Տնտեսություն

Քննարկվում է ԱՊՀ անդամ պետությունների միջև հարկային վարչարարությանն առնչվող արձանագրությունը

2 րոպեի ընթերցում

Քննարկվում է ԱՊՀ անդամ պետությունների միջև հարկային վարչարարությանն առնչվող արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հունվարի 22-ի խորհրդարանի նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության մշակումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությամբ: Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Անանյանը:

Ըստ նախագծի՝ արձանագրության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև հարկային հարցերով էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման իրականացումը լրացուցիչ գործիք կհանդիսանա ստվերային տնտեսության կրճատման և հարկումից խուսափելու համար:

Արձանագրության նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:

Արձանագրության դրույթների կիրառումը կնպաստի նաև տվյալ ոլորտում տնտեսական փոխգործակցության թափանցելիության մակարդակի բարձրացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում