Հայրենադարձների անձնական իրերը մաքսատուրքից ազատելու օրենքն ուժի մեջ կմտնի գարնանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենադարձների անձնական իրերը մաքսատուրքից ազատելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո մեծ արձագանք է եղել Սփյուռքի մեր հայրենակիցներից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ամեն օր բազմաթիվ նամակներ են գալիս մեր հայրենակիցներից, որոնք ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ:

«Այսօր էլ ասուլիսից առաջ կրկին այդ բովանդակությամբ նամակներ ստացա: Նման դեպքում մեզ շատ աջակցում է Մաքսային ծառայությունը, որը սիրով ամենայն մանրամասնությամբ մեր հայրենակիցներին ներկայացնում է սպասվող փոփոխություններն ու արտոնությունները: Կարծում եմ, այս գործում պետք է ներգրավել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որի հետ նույնպես ակտիվորեն աշխատում ենք»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը նշեց, որ այսօր էլ Մաքսային կարգավորման մասին օրենքը սահմանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական բնակության նպատակով վերադարձողների համար: Հաշվի առնելով վերջին երկու տարվա պրակտիկան, գործնականում առաջացած խնդիրները, առաջարկությունները՝ նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ: Այսօրվա գործող օրենքով, եթե անձը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, ստանում է որոշ արտոնություններ ՀՀ մշտական բնակության վերադառնալու դեպքում, բայց այստեղ կա մի նրբություն, ինչը օրենքի տառացի մեկնաբանման դեպքում նույն հայրենադարձների մոտ առաջացնում է որոշակի խնդիրներ, տարընթերցման տեղիք է տալիս:

«Մենք նախ 5 տարվա սահմանաչափը նվազեցնում և դարձնում ենք 3 տարի: Հիմա նոր փոփոխությամբ մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, ՀՀ-ում ունեն հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի չեն ապրել Հայաստանում և ցանկանում են մշտական բնակություն հաստատել Հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող են ներկրել իրենց անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: Յուրաքանչյուր անձ կարող է իր հետ բերել մեկ տրանսպորտային միջոց, եթե այն առնվազն վեց ամիս իրեն է պատկանել: Օրենքի նախագծի արտոնություններից կարող են օգտվել այն անձինք, ովքեր, օրինակ, մեկ կամ երկու տարի Հայաստանում սովորում են կամ աշխատում, ՀՀ քաղաքացի չեն և հիմա որոշել են մշտական բնակություն հաստատել այստեղ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ընդգծեց, որ օրենքով նախատեսված այս արտոնությունից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

«Մենք ունենք նաև փոփոխություններ, որոնք զգալիորեն թեթևացնելու են մաքսային գործընթացների վարչարարությունը: Այն փաստաթղթերի ցանկը, որը պահանջվում էր մեր հայրենակիցներից, վերանայվել է: Ավելի դյուրացրել ենք այդ հատվածը: Ուզում եմ վստահեցնել՝ արվում է առավելագույնը, որ նրանք սահմանին ոչ մի խնդրի չբախվեն»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը:

Նա տեղեկացրեց ևս մեկ արտոնության մասին: Այն անձը, որը մեկնում է արտերկիր աշխատելու նպատակով և մեկ տարի հետո ցանկանում է վերադառնալ Հայաստան, կարող է 5 հազար եվրո արժողությամբ ապրանք բերել՝ առանց մաքսատուրքի: Քաղաքացիներն այս արտոնությունից կարող են օգտվել երեք տարին մեկ:

Օրենքի նախագծի վերաբերյալ մինչև ամսվա վերջ կլինի կառավարության դիրքորոշումը, որից հետո այն կհայտնվի Ազգային ժողովում: Բանախոսները հույս հայտնեցին, որ մինչև մարտի վերջ, ապրիլի սկիզբ այս արտոնություններն ամբողջությամբ կգործեն:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ