Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Գեղարքունիքում մեկնարկեց ձմեռային զորակոչը

ԳԱՎԱՌ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկեց Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներից: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նորակոչիկները բանակ ճանապարհվեցին հանդիսավոր պայմաններում, մարզպետարանի, համայնքապետարանների, զինկոմիսարիատի աշխատակիցների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ծնողների ու հարազատների շնորհավորանքների ու մաղթանքների ներքո:
Սեւանի տարածաշրջանի համայնքների նորակոչիկները բանակ ճանապարհվեցին Սեւանի համայնքապետարանի բակից, տոնական բարձր տրամադրությամբ: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը: «Մենք միշտ մնում ենք աղոթքով ձեզ համար, ձեր թիկունքում, որ միշտ կրեք Խաչի պարծանքը ձեր ուսերին եւ ձեր սրտերում, ու մենք երկու տարի անց ձեզ դիմավորենք խանդավառորեն»,-նորակորչիկներին օրհնանքի խոսքեր հղեց Տեր Ստեփանոս քահանան: Այնուհետ Հայոց բանակի նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ողջունեց ու շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիս շնորհավորում եմ այս տոնական օրվա կապակցությամբ: Մեր զավակներին բանակ ճանապարհելու ամեն միջոցառում պետք է դառնա այսպիսի տոն՝ երգի, պարի, ուրախ տրամադրության ներքո: Ուզում եմ հավատացնել ծնողներին ու հարազատներին, որ նրանց զավակները ծառայության ողջ ընթացքում գտնվելու են հուսալի ձեռքերում, բարվոք ու անվտանգ պայմաններում, որոնք օր օրի ավելի են բարելավվում: Նորակորիկներին մի հիմնական ու կարեւոր խնդրանք ունեմ՝ հարգել ու սիրել միմյանց, հեռու մնալ միջանձնային հարաբերություններ պարզելուց, ինչի արդյունքում մեր բանակում հաճախ են գրանցվում ողբերգական դեպքեր: Ես չեմ կասկածում, որ դուք ամուր եք կանգնելու թշնամու դեմ, բայց շատ ավելի անպարտելի կլինեք, եթե միշտ լինեք իրար հանդեպ փոխադարձ սիրով ու հարգանքով »,- նորակոչիկներին դիմեց մարզպետը:
«Հայ տղամարդու համար պետք է միշտ պատիվ լինի Հայոց բանակում ծառայելը: Մեր միակ ցանկությունն այն է, որ դուք ծառայեք միայն խաղաղ պայմաններում ու առողջ եւ կոփված տուն վերադառնաք: Մենք հոգով ու սրտով կլինենք ձեզ հետ, ձեր ընտանիքների կողքին»,-նշեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:
Նորակոչիկներին ողջունեցին ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաեւ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Բենիկ Սարգսյանը, նորակոչիկի պապ, Սեւան համայնքի բնակիչ Գուրգեն Տոնոյանը: Նորակոչիկներին պարային կատարումներով ողջունեցին Սեւանի մշակույթի տան պարային համույթի փոքրիկ սաները: Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ նորակոչիկները նվերներ ստացան Սեւանի համայնքապետարանի եւ ոստիկան վետերանների կողմից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am