Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոբբիստական, դիվանագիտական ջանքերի արդյունք.քաղաքագետը՝ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

Լոբբիստական, դիվանագիտական ջանքերի արդյունք.քաղաքագետը՝ Սենատի կողմից  
Ցեղասպանության ճանաչման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումն արդյունք էր երկար տարիներ իրականացված լոբբիստական, դիվանագիտական ջանքերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Սա կարևոր հանգրվան է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման երկարատև գործընթացում: Միևնույն ժամանակ կարևոր է այն հանգամանքը, որ այս ճանաչման գործընթացի հաշվարկը ճիշտ էր արված: Օգտագործվեց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը: Ճիշտ պահին, ճիշտ ժամանակին այս գործընթացը խթանվեց: Մյուս կողմից հատկանշական է այն, որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը կարևոր է ԱՄՆ ներքին օրակարգի վրա ազդեցության տեսանկյունից»,-ասաց քաղաքագետը:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ ԱՄՆ-ն, ըստ էության, թևակոխել է նախընտրական շրջան, կուսակցություններն առաջադրում են իրենց թեկնածուներին, քննարկվում է նրանց օրակարգը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք միանշանակ պնդել, որ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը կնպաստի տվյալ թեմայի ակտիվացմանը նաև ներքաղաքական պայքարի շրջանակներում: Այսինքն՝ ԱՄՆ նախագահի թեկնածուները կսկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել տվյալ թեմային՝ փորձելով հստակ դիրքորոշում որդեգրել: Սա կարևոր է, քանի որ ԱՄՆ նախագահն է պատասխանատու տվյալ երկրի արտաքին քաղաքականության համար:

«Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունելուց հետո, ըստ էության, կարող ենք ասել, որ Կոնգրեսում գործընթացն ավարտվում է: Սա չի ենթադրվում, որ պետք է բանաձևն ուղարկվի ԱՄՆ-ի նախագահի հաստատմանը, նման ընթացակարգ չի նախատեսվում՝ կախված բանաձևի կատեգորիայից: Բանաձևի ընդունումը բավական կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սենատի մակարդակով նախկինում նման բանաձև չի ընդունվել: Պետք է ընդգծել նաև այն, որ բանաձևն ընդունվել է միաձայն: Սա վերահաստատում է ԱՄՆ քաղաքական շրջանակների դիրքորոշումը  Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Ինչ զարգացումների սպասել: Հարցին ի պատասխան քաղաքագետը նշել է, որ սա ուղղակիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս գործընթացն, ըստ էության, երկու երկրների միջև առկա  լարվածության մասնակի արտահայտումն է: Սպասվում է, որ Թուրքիան էլ իր հերթին կտրուկ քայլեր կձեռնարկի:

«Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա հարցերը չեն կարգավորել, և, թերևս, դա է պատճառը, որ բանաձևի ընդունումն արգելափակելու գործընթացը չպահպանվեց: Եթե լիներ արգելափակման հստակ որոշում, միանշանակ էր, որ Սպիտակ տունն ուներ բավարար գործիքակազմ ազդելու համար: Այդ գործիքակազմի չօգտագործումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում հակասությունները պահպանվում են»,-հավելեց քաղաքագետը:

Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը պատասխան է Թուրքիային՝ կապված խնդիրների փնջի հետ՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները, Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը, դաշնակիցների նկատմամբ վարքագիծը և այլն:

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։  Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում: Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am