Կայացավ հանրային քննարկում ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով կազմակերպվել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակներում:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի մասով իրականացվել է ներառական քննարկում:
«Քննարկումների ընթացքում հաշվի են առնվել տարբեր կողմերի կարծիքները: Ներկայումս նախագծերի մշակման աշխատանքները շարունակվում են: Քրեական օրենսգիրքը յուրաքանչյուր պետության արժեքային համակարգն արտացոլող իրավական աղբյուրներից մեկն է: Քրեական նոր օրենսգրքի նախագիծը նպատակ է հետապնդում լուծել հիմնական մի քանի խնդիր՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության համատեքստում նախատեսել ազատությունից զրկելու այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ և բարձրացել արդեն իսկ առկա պատժամիջոցների կիրառման արդյունավետությունը, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիային համահունչ նախատեսել քրեական պատասխանատվություն իրավաբանական անձանց համար, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդի մարտահրավերներին և միջազգային պահանջներին համահունչ լրամշակել և հստակեցնել առկա հանցակազմերը և այլն»,- ասաց Բադասյանը:
ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող խմբին տրամադրվել է շարունակական աջակցություն՝ օրենսգրքի նախագիծը եվրոպական չափանիշներին և ԵԽ անդամ պետությունների լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան շեշտեց, որ Եվրոպական Միությունը շատ լուրջ է վերաբերում դատաիրավական բարեփոխումներին:
«Այդ բարեփոխումները ներառում են նաև քրեական արդարադատության բարեփոխումները, այդ թվում նաև նոր քրեական օրենսգրքի մշակումը հանդիսանում է բարեփոխումների կարևորագույն տարր: ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը դատաիրավական և արդարադատության ոլորտներում բարեփոխմանը»,- ասաց Դորոդնովան:
Սույն ծրագիրը նպաստում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացին՝ տրամադրելով օրենսդրական, մեթոդաբանական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված աջակցություն: Ծրագրի կողմից նաև տրամադրվում է փորձագիտական աջակցություն քրեական օրենսդրության մշակման և կիրառման գործընթացի ընթացքում: Սա ներառում է նաև Արդարադատության ակադեմիայում դատավորներին և դատական ծառայողներին վերապատրաստելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված գործողություններ: