Հասարակական

Երևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով

3 րոպեի ընթերցում

Երևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մայրաքաղաքում գործող առողջապահական հաստատությունների կողմից բժշկական թափոնները ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը զեկուցել է, որ թափոնների ոչնչացման հատուկ պայմանագրեր չունենալու համար բժշկական կազմակերպությունների նկատմամբ 21 վարչական վարույթ է հարուցվել:

***

Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրված են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: Կառուցվող շինության մասին վկայող ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պայմանները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ համապատասխան նորմերի պահպանման ու շինհրապարակներից կեղտոտ անվադողերով դուրս եկող և բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների նկատմամբ:

***

Մայրաքաղաքի հետիոտնային անցումների անվտանգությունը կարգավորելու նպատակով տեղադրվում են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ: Քաղաքապետի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նաև տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը կարգավորելու նպատակով: Զեկուցվել է, որ Երևանում այլևս չկան հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ: Կանչի ռեժիմով աշխատող հատուկ լուսացույցներ կտեղադրվեն անցումներում նաև 2020թ.-ին:

***

Ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%: Փաստացի հավաքված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3 մլրդ 236 մլն դրամով:

***

Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են գաղտնագրով փականներ: Համատիրությունը բնակիչների հետ արդեն իսկ 218 նման փական է տեղադրել: Շենքերի 255 մուտքերում էլ տեղադրվել են դռներ, որոնք նաև համալրվել են գաղտնագիր ունեցող փականներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում