Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Ընթերցասերներին կներկայացվեն Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքեր

Ընթերցասերներին կներկայացվեն Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքեր

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել: Նախաձեռնությունը հայաստանյան կոմիքս արտադրող «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերությանն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Շառլ» և «Ավրորա» գրքերի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 8-ին:

«Շառլ» փոքրիկ գիրքը պատմում է ֆրանսահայ անվանի արտիստ Շառլ Ազնավուրի մասին։ Այս գրքի գաղափարը ծնվեց դեռ նախորդ տարի, երբ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները Դիլիջանի ձմեռային տոնավաճառում ծանոթացան «Իմ փոքրիկ գիրքը» շարքի առաջին գրքերին։ Հանդիպումից ու նրանց արձագանքից ոգեշնչված՝ ընկերության թիմը շուրջ մեկ տարի աշխատեց այս գրքի վրա և՝ համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, ունեցավ ցանկալի արդյունք։

Գրքում պատկերված են դրվագներ երգչի մանկությունից. այն մասին, թե ինչպես նա ընդունվեց մանկապատանեկան թատրոն, ինչպես նաև տեսարաններ ֆիլմերի նկարահանումներից և Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը, որը շրջադարձային եղավ Ազնավուրի կյանքում։ Փոքրիկ ընթերցողը կճանաչի Շառլին որպես փոքրիկ տղա, որը կարողացավ հաղթահարել բազում դժվարություններ ու դարձավ հանրահայտ արտիստ և մեծ բարերար։

«Ավրորա» փոքրիկ գիրքն էլ ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարդիգանյանի մասին է, ում վիճակված էր դառնալ Հոլիվուդյան համր կինոյի առաջին հայազգի կինոաստղը։ Ավրորայի ճակատագիրը հեշտ չէր, ու գրքի հեղինակներն էլ չեն խուսափում փոքրիկ ընթերցողիհ հետ՝ մատչելի լեզվով, խոսել կորուստի ու դժվարությունների մասին։ Փոքրիկ ընթերցողին գրքի հերոսները կոգեշնչեն հենց այդ դժվարությունները  հաղթահարելու իրենց խիզախությամբ ու անկոտրում կամքով։

2018-ի դեկտեմբերին հայաստանյան կոմիքս արտադրող «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերությունը ներկայացավ ամենափոքրիկ ընթերցողների համար նախատեսված կոմիքս գրքերի նոր շարքով։ «Իմ փոքրիկ գիրքը» շարքը նախատեսված է 3+ տարիքի ընթերցողների համար։ Գունագեղ պատկերապատումների միջոցով փոքրիկ ընթերցողները ճանաչում են հայ մեծերին։ Առաջին երկու փոքրիկ գրքերն էին «Լուսինեն» և «Վիկտորը», որոնք պատմում էին հայ հոգևոր երգի ամենահայտնի երգչուհու՝ Լուսինե Զաքարյանի, և աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ