Խիստ կարևոր է որոշումների ընդունման գործընթացում մասնագիտական հանրությանը ներգրավելը
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որդեգրել է մշակութային բոլոր նախաձեռնություններում մասնագիտական հանրության ընդգրկվածությունն առավելագույնս ապահովելու քաղաքականություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 29-ին ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:
«Մենք բոլորովին վերջերս մշակեցինք 2020-2023 թթ. ռազմավարությունը, շուտով դա կդնենք մասնագիտական հանրության քննարկմանը: Որդեգրել ենք մի սկզբունք, որ մեր բոլոր նախաձեռնություններում պետք է առավելագույնս ապահովենք մասնագիտական հանրության ընդգրկվածությունը: Որևէ հարց գրասենյակային պայմաններում, փակ պայմաններում չի քննարկվելու ու չի լուծվելու»,-ասաց Խզմալյանը:
Նա նկատեց՝ եթե որոշումների ընդունման գործընթացում չընդգրկեն մասնագիտական հանրությանը, հետագայում չեն կարող պատասխանատվությունը մասնագիտական հանրությանը պատվիրակել: «Եթե որոշումներն ընդունելիս մեզ հետ չէ մասնագետը, ապա ամբողջ պատասխանատվությունը մնում է նախարարության վրա, ինչը ճիշտ չէ»,- նշեց փոխնախարարը:
Խզմալյանը բարեփոխումների իրականացում գործընթացում մեծապես կարևորեց նախ խնդիրները հստակ ձևակերպելը, ապա միայն բարեփոխումների մասին խոսելն ու դրանք իրականացնելը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում