Արցախ

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովները քննարկել են մի շարք ոլորտներում 2020-ի բյուջետային ծախսերը

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովները քննարկել են մի շարք ոլորտներում 2020-ի բյուջետային ծախսերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 27-ի համատեղ նիստը, որը վարել են Արմեն Սարգսյանն ու Արամ Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ներկայացնելով «2020թ. պետական բյուջեի մասին» օրենքով Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ծախսերը՝ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ այն կկազմի 2մլրդ 240մլն դրամ, 2019թ-ի 2 մլրդ 122 մլն դրամի փոխարեն: Նախարարի խոսքով՝ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ կմշակվի և կներդրվի աբոնեմենտային ծրագիր, որի նպատակը հանրակրթական դպրոցների աշակերտների համակարգված հաճախումների և այցելությունների կազմակերպումն է թատերահամերգային միջոցառումներ և թանգարաններ: Նախարարը պատասխանել է հանրապետական գրադարանը ժամանակակից գրականությամբ համալրելու, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերակառուցման, գյուղերում համույթների և թատերական խմբերի ակտիվացման, Թարգմանչաց եկեղեցու և Հոռեկավանքի վերանորոգման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

Կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը, ներկայացնելով բնագավառների ծախսերը, նշել է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 34 մլն դրամ, որը անցյալ տարվա համեմատ շուրջ 1,5մլրդ-ով ավել է: Փոխնախարարը պարզաբանումներ է տվել խորհրդարանականների առաջադրած՝ դպրոցներում սննդի տրամադրման փորձնական ծրագրին, ենթասպաների ուսանող երեխաների վարձավճարների փոխհատուցմանը, ուսուցիչների դրույքաչափերին ու աշխատավարձերին, դպրոցական ծրագրերի ծանրաբեռվածությանը և այլ թեմաներին վերաբերող հարցերին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում