1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյան

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության 
երևույթի մասին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում:

«Օրինակ, Եվրոպայի Լիգայի եզրափակչին, որը տեղի ունեցավ անցյալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ «Արսենալի», իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել: Ինչո՞ւ: Որովհետև նրա հայկական ազգանունը մեծ խնդիր է Ադրբեջանում: Նրա ազգանունով վերնաշապիկներ հագած եվրոպացի երկրպագուները կանգնեցվել են ոստիկանության կողմից: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի քաղաքացի մի վարորդ ձերբակալվել է միայն այն բանի համար, որ լսում էր հայ երաժշտի ստեղծագործություն հանդիսացող մի երգ: Իսկ անցյալ տարի մենք ունեցել ենք դեպքեր, երբ Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի քաղաքացներ հանդիսացող անձանց թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջան, քանի որ նրանց ազգանունները նման էին հայկական ազգանունների: Ինչպե՞ս է այս իրավիճակը առնչվում Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականության հետ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: «Corriere della Sera»-ը նշել է, որ Ադրբեջանը հայերին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի համար ռազմական ագրեսիայի մեջ և պնդում է, որ ՀՀ վարչապետն  առանձնահատուկ կոշտ է: Այս դիտարկմանը ՀՀ վարչապետն արձագանքել է՝ վերհիշելով հայ սպա Գուրգեն Մարգայանի սպանությունը: 

«Հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնի հարվածներով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ գտնվում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով: Այդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտվելուց մի քանի տարի անց ադրբեջանցի սպան արտահանձնվեց իր երկիր: Հայրենիքում նա ընդունվեց որպես ազգային հերոս, նրան ներում շնորհվեց նախագահ Իլհամ Ալիևի կողմից, նա ստացավ պաշտոնի բարձրացում և ապահովվեց Բաքվում բնակարանով»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Այն դիտարկմանը, թե պատմության և դրա անգամ սարսափելի հետևանքների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի գնահատականները տարբերվում են, ՀՀ վարչապետը նշել է, որ առկա է հակամարտություն, և այն պետք է լուծվի:

«Երբ ես դարձա վարչապետ, մի բանաձև առաջարկեցի: Ես ասացի, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես միակ հայ ղեկավարն եմ, ով նման բան է հայտարարել: Իմ երկրում ես ծանր քննադատությունների արժանացա: Շատերն ասացին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ղեկավարը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի մասին: Որևէ լուծում կարող է կայուն լինել, եթե հաշվի են առնվել հակամարտության երեք կողմերը: Ես հույս ունեի, որ նախագահ Ալիևը իմ հայտարարությանը նման հայտարարությամբ հանդես կգա: Մեկ տարուց ավելի է՝ սպասում եմ, բայց դեռևս լուր չունեմ այդ մասին: Եթե դա տեղի ունենա, մենք իրական առաջընթաց կունենանք բանակցություններում: Հուսով եմ, որ եվրոպացի գործընկերներն ու Մինսկի խմբի համանախագահները կխրախուսեն Ալիևին՝ ընդունել այս բանաձևը. Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես կհասկանայի, եթե Ադրբեջանի նախագահը նախ և առաջ նշեր Ադրբեջանի ժողովրդին: Ընդունելի կլիներ»,-հավելել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]