Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արդյունավետ քննարկումներ և առարկայական պայմանավորվածություններ. ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները

Արդյունավետ քննարկումներ և առարկայական պայմանավորվածություններ. ԵԱՏՄ 
գագաթնաժողովի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Հայաստանը հյուրընկալեց ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, ինչպես նաև Իրանի և Մոլդովայի նախագահներին ու Սինգապուրի վարչապետին: Նիստն աչքի ընկավ արձանագրված մի շարք արդյունքներով:

Նախ, բավական կարևոր էր ԵԱՏՄ շրջանակում ՀՀ քաղաքական կշիռի մեծացման ամրագրումը: Գագաթնաժողովի շրջանակներում շեշտվեց հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտնող ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի մասին, որի շուրջ Իրանի հետ բանակցել է հենց Հայաստանը: Հատկանշական է նաև Սինգապուրի հետ համաձայնագրի ստորագրումը հենց երևանյան գագաթնաժողովի ընթացքում. այս գործընթացում ևս զգալի ներդրում ունի Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր կատարած հուլիսյան այցի ընթացքում: Այս տեսանկյունից  հուսադրող է ԵԱՏՄ-Եգիպտոս հարաբերությունների զարգացումը, քանի որ այս բանակցությունների պատասխանատուն ևս Հայաստանն է։ Այլ կերպ ասած՝ 2019թ. ԵԱՏՄ նախագահող երկիր Հայաստանը իր զգալի ներդրումն է ունեցել ԵԱՏՄ գրավչությունը մեծացնելու գործում:

Կարևոր էր նաև նիստի շրջանակներում առաջին անգամ անցկացված միջազգային ֆորումը: Այս նորամուծությունն, ըստ էության, հավակնում է դառնալ ավանդույթ, որը սկիզբ է առել Երևանում և գործնական նշանակություն ունի՝ տարբեր ոլորտների մասնագետների՝ փոխադարձ կապեր հաստատելու համար:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը և բնական գազի փոխադրման և մատակարարման ոլորտում մեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումը: Առաջինը կնպաստի ֆինանսական ծառայությունների մակարդակի, որակի և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի արդյունավետության աճին: Բնական գազի վերաբերյալ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումը և գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն էլ կնպաստի համաշխարհային շուկայում անդամ երկրների տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացմանը:

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա բովանդակային քննարկումներ են տեղի ունեցել Սինգապուրի և Իրանի հետ: ԵԱՏՄ-ի հետ «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» և «Ազատ առևտրի մասին» համաձայնագրերից զատ Սինգապուրը կնքել է «Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» երկկողմ համաձայնագիր Հայաստանի հետ:

Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Սրա մասին խոսվել էր դեռևս տարվա սկզբին՝ փետրվարի 27-ին Փաշինյանի իրանյան այցի ընթացքում: Երկրների ղեկավարները կարևորել էին Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները: Հարկ է նշել, որ երրորդ գծի կառուցումը ներառված է նաև ՀՀ կառավարության ծրագրում և հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ «թույլ կտա Հայաստանին հանդես գալ որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ` կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը»:

Այսպիսով, ԵԱՏՄ երևանյան գագաթաժողովը պետք է համարել բավական հաջողված՝ թե տեղի ունեցած քննարկումների, թե ձեռք բերված պայմանավորվածությունների տեսանկյունից:

Վլադիմիր Մարտիրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am