Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրենի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» 
ընկերության գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ հաջողությամբ կարող է համագործակցել կիբերանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում՝ ընդգծելով, որ նշված ուղղություններով մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Խոսվել է նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի մասին։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ: Նշվել է, որ «Լեոնարդոն» ևս հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական ու կրթական ծրագրեր իրականացնելու և դրանց շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ։

«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները: Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աերոհամակարգեր, ցամաքային և ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային և տեղեկատվական համակարգեր, արտադրանքն արտահանվում է տասնյակ երկրներ:

«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Լեհաստանում, ինչպես նաև ռազմավարական գործընկերություն միջազգային կարևորագույն շուկաներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am