Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բաքվի կեղծ հումանիզմը և «երկուսը երկուսի դիմաց» բանաձևի իրական նպատակը

Բաքվի կեղծ հումանիզմը և «երկուսը երկուսի դիմաց» բանաձևի իրական նպատակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջարկելով փոխարինել «Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»: Կոմիտեն առաջարկի մասին դիմումը սեպտեմբերի 11-ին ուղարկել է նաև միջազգային կառույցներ:

Առաջին հայացքից կառուցողական թվացող այդ նախաձեռնությունն, իրականում, ոչ թե մարդասիրական նպատակներ է հետապնդում, այլ հստակ խնդիր ունի հասնել Արցախում դատապարված Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի վերադարձին, ովքեր, ամենայն հավանականությամբ, Ռ. Սաֆարովի օրինակով կհերոսացվեն ադրբեջանական իշխանությունների կողմից: 2014 թվականին Արցախում մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանությունների համար  ազատազրկման դատապարտված Գուլիևի և Ասկերովի ազատ արձակումն Ադրբեջանի համար, կարծես թե, դարձել է սկզբունքային խնդիր, որի լուծումը ներքին լսարանին կներկայացվի որպես «ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ» և Ալիևի՝ «բանակցային փառահեռ հմտությունների արդյունք»: Բաքվի համար այդ հանցագործներին վերադարձնելու կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ շրջանառվող «բոլորը բոլորի դիմաց» բանաձևից անցում կատարելով «երկուսը երկուսի դիմաց» բանաձևին, Ադրբեջանը պահանջում է հենց Գուլիևին և Ասկերովին՝ անտեսելով Հայաստանում գտնվող Ադրբեջանի մյուս քաղաքացիների հարցը:

Բաքվի կողմից առաջ քաշվող «բոլորը բոլորի դիմաց» կամ «երկուսը երկուսի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու առաջարկները մանիպուլյատիվ են, քանի որ դրանց պարագայում, գործնականում, հավասարության նշան է դրվում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և Արցախում գտնվող Ադրբեջանցի դիվերսանտների կարգավիճակի միջև։ Այդ կարգավիճակների տարբերությունն ունի էական կարևորություն, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստում:

Հայկական կողմն, անշուշտ, հետաքրքրված է իր քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու խնդրով և այս ուղղությամբ համապատասխան մարմինները հետևողական աշխատանքներ են տանում: Դրանց արդյունքում, օրինակ, այս տարվա հունիսին Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը (2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում հայտնվել էր Ադրբեջանի տարածքում), ինչը կարևոր արդյունք է:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գուլիևի և Ասկերովի փոխանակման կամ ազատ արձակման հարցում Ադրբեջանը դիմում է Հայաստանին և ոչ թե Արցախին՝ չցանկանալով որևէ կերպ ճանաչել նրա սուբյեկտայնությունը: Սակայն, պաշտոնական Երևանի դիրքորոշումը հստակ է՝ Շուշիի բերդում իրենց պատիժը կրող Գուլիևի և Ասկերովի հետ կապված հարցերը գտնվում են Արցախի իշխանությունների իրավասության տիրույթում: Այս ամենն իր խոսքում սեպտեմբերի 20-ին հստակ արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով նաև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է. «Ադրբեջանի այդ քաղաքացիների հարցով որոշումը կայացվելու է Ստեփանակերտում: Դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից «գերիների փոխանակման» թեմայի հերթական ակտիվացումը տեղի է ունենում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այս ամիս տեղի ունեցած բանտարկյալների փոխանակման ֆոնին և սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սպասվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ: Թերևս, կարելի է ենթադրել, որ այս կերպ Բաքուն նպատակ ունի միջազգային հանրության մոտ ստեղծել պատրանք իր «կառուցողականության»  վերաբերյալ և այդ կերպ հասնել հայկական կողմի վրա ճնշումների:

Նարեկ Մինասյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]