Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Տնտեսագետը դրամի արժևորման մեջ տնտեսությանը վնասող գործոններ չի տեսնում


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տարվա սկզբից ազգային արժույթի արժևորման մեջ տնտեսությանը վնասող գործոններ չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ դրամի արժևորումն ունի ներքին և արտաքին պատճառներ:

«Տարվա սկզբից նկատվող արժևորումը բնորոշ է գործարար ակտիվության աշխուժացմանը, սակայն արտաքին ազդակները ևս ոչ պակաս կարևոր են: Մասնավորապես, Միացյալ Նահանգների արժույթը ավելի նվազում է իր գնի մեջ, ինչը նշանակում է, որ դոլար-եվրո հարաբերակցությունն էլ է փոխվում, իսկ այս երկու արժույթներն իրենց հերթին պայմանավորում են աշխարհի բոլոր մնացած փոխարժեքները: Հայկական դրամը չէր կարող չարժևորվել, եթե նույնիսկ ոչինչ չփոխվեր Հայաստանի տնտեսության մեջ»,- նշեց Մանասերյանը:

Տնտեսագետը նշում է, որ վերջին տարիներին տնտեսության մեջ ավելի շատ արտարժույթի ներհոսք է տեղի ունենում, ինչը նույնպես դրամի արժևորման պատճառ է դառնում:

«Տնտեսության մեջ ավելի շատ արտարժույթի ներհոսք ստանալիս արտարժույթը նույնքան մասշտաբով կարող է ինքն իրենով բարձրացնել ազգային արժույթի կշիռը, ինչն էլ տեղի է ունենում: Վերջին տարիների ընթացքում սա անընդհատ առկա է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Կենտրոնական բանկի հավասարակշռված դրամավարկային քաղաքականությունն, ըստ Թաթուլ Մանասերյանի, իրավիճակը վտանգավոր չի դարձնում:

«Կենտրոնական բանկը բավական հավասարակշռված դրամավարկային քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականության արդյունքում, հատկապես փոխարժեքների շուկայում արդեն երեք տարի է, ինչ նկատվում է արտարժույթի առք, ինչը բնորոշ չէր նախորդ տարիներին»,- նշեց տնտեսագետը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ