Հասարակական

Նոր օրինագիծը գրպանահատությունը կորակի որպես հանրային մեղադրանք

3 րոպեի ընթերցում

Նոր օրինագիծը գրպանահատությունը կորակի որպես հանրային մեղադրանք

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր օրենքի նախագիծը մասնավոր մեղադրանք որակվող գրպանահատությունը կորակի որպես հանրային մեղադրանք, որով էլ հնարավոր չի լինի կարճել վարույթը` բողոքի բացակայության դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, Հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյան:

«Այսօրվա մեր կարգավորումներով գողության այս տեսակը դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին, ինչը դժվարացնում է ոստիկանության աշխատանքը: Մասնավոր մեղադրանքի դեպքում գործերը հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա: Եթե չկա տուժողի բողոք, ապա տվյալ անձի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել: Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված օրենսդրական նախաձեռնություն կա, որով նախատեսվում է մասնավոր մեղադրանքի գործ համարվող գրպանահատությունը որակել որպես հանրային մեղադրանք: Այդ դեպքում, բողոքի բացակայության պարագայում հնարավոր չի լինի գործի վարույթը կարճել, և կտրվի արժանի քրեաիրավական գնահատական»,- նշեց Պետրոսյանը:

Հակոբ Պետրոսյանը նշեց, որ օրենքում մի շարք այլ բացեր ևս կան:

«Հափշտակության այս տեսակը որակվում է կամ որպես մանր հափշտակություն, դա մինչև 5000 դրամ գողության դեպքերն են, իսկ դրանից բարձր` մինչև 500 հազար դրամի հասնող գողության դեպքերը որակվում են որպես գողության հասարակ տեսակ: Այս դեպքում չի կարող պատիժը գերազանցել ազատազրկման ձևով 2 տարի առավելագույն սահմանը: Պատժի հետ կապված խստացման անհրաժեշտություն ունենք»,- ասաց նա:

Ոստիկանության տվյալներով` գրպանահատության հիմնական կատարման վայր հանդիսանում են հասարակական վայրերը և հասարակական տրանսպորտային միջոցները:

ՀՀ-ում 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատությամբ գրպանահատություններն աճել են 70 դեպքով: Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ գրպանահատության շուրջ 95%-ը կատարվում է Երևան քաղաքում, իսկ առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի և Շենգավիթի վարչական շրջաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում