Ֆրանսիայի դեսպանը, ՀՀ փոխվարչապետն ու առողջապահության նախարարը մասնակցել են Tour de Masis 3-ին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, ինչպես նաև այլ հանրահայտ մարդիկ հուլիսի 28-ին մասնակցել են Tour de Masis 3 ավանդական հեծանվավազքին:
Միջոցառումը կազմակերպվել է Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի Ընտանեկան մարզահամալիրի կողմից՝ Հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ, AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մասիսի զարգացման հիմնադրամից, միջոցառման մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից առավոտյան 09:00-ին: Հեծանվաարշավին մասնակցել են շուրջ 100 սիրող հեծանվորդներ: «Նախքան մեկնարկը, մասնակիցները համարներով հայտագրվեցին, որպեսզի հնարավորություն ունենային մասնակցել խաղարկվող հեծանիվի վիճակահանութանը: Հեծանվորդներին ուղեկցում էին ոստիկանական մեքենաներ, շտապօգնության երկու մեքենա: Հեծանվաշքերթի վերջին կանգառը Ֆրանկոֆոնիայի զբոսայգին էր, որտեղ անցկացվեց GT հեծանիվի խաղարկություն:
Հեծանվային ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը շնորհակալագիր հանձնեց Մասիսի զարգացման հիմնադրամին` նախագծի աջակցության և համագործակցության համար, մասնավորապես շնորհակալություն հայտնեց Գագիկ Ադիբեկյանին` Մասիսը զարգացնելու հարցում ջանք չխնայելու համար: Նախագծի մասնակցության և հեծանվային մշակույթի տարածմանն աջակցելու համար շնորհակալիգիր ստացավ նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հիանալի բուլվարի կառուցման աշխատանքներ իրականացրած հիմնադրամին, որն իրականացրել է մի յուրահատուկ ծրագիր, որը հաճախ չես հանդիպի ՀՀ տարբեր քաղաքներում, մանավանդ, երբ խոսքը գնում է մարզերի, ոչ մեծ համայնքների մասին: Ես զարմացած եմ տեսնելով այն ամենը, ինչ այստեղ կա»,- ասաց փոխվարչապետը:
Նախագծի մասնակցության և հեծանվային մշակութային տարածմանն աջակցելու համար շնորհակալիգիր ստացավ նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:
«Շատ ուրախ եմ երկրորդ անգամ այս հեծանվաշքերթին մասնակցելու համար: Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Մասիսի զարգացման հիմնադրամին և Հեծանվային ֆեդերացիային այս ամենը կազմակերպելու համար: Շատ ուրախ եմ, որ Tour de Masis 3-ը անցկացվել է Tour de France-ի հետ միասին նույն օրը: Հեծանվասպորտը միասին լինելու արվեստն է և շատ ուրախ եմ, որ Մասիսի զարգացման հիմնադրամն այդքան նվիրված է Մասիսը զարգացնելու հարցում»,- ասաց դեսպանը:
Խաղարկությունից հետո դեսպանը, փոխվարչապետն ու մյուսները միասին տոնեցին Վարդավառը:
Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի և ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և կամավորություն: Ներկայումս կենտրոն է այցելում մինչև 18 տարեկան 120 երեխա»,- նշված է հաղորդագրության մեջ: