Արցախ

Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ գնալու դժվարությունները. Ճանապարհը նորոգվում է

2 րոպեի ընթերցում

Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ գնալու դժվարությունները. Ճանապարհը նորոգվում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից: Ճանապարհահատվածի երկարությունը 10,7 կմ է:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով` առաջին հատվածում ավարտվել են հողային աշխատանքները և արդեն մոտ ժամանակներս կսկսվի ասֆալտապատումը: Երկրորդ հատվածում ընդհանուր ճանապարհահատվածից արդեն ասֆալտապատվել է 2,4 կմ:

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ճանապարհաշինական ծրագիրը թույլ կտա սահմանամերձ բնակավայրեր հասնել ավելի արագ:

«Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ տանող ճանապարհային դժվարությունները: Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Նոր ճանապարհից լիարժեք օգտվելու հնարավորություն կընձեռվի մինչև տարեվերջ»,- նշել է Մարտիրոսյանը:

Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ: Ասֆալտապատումն ավարտելուց հետո կահավորման աշխատանքներ են իրականացվելու: Տարածքում աշխատող «Վիրաժ» ԱԿ և «Քարավան» ՍՊ ընկերությունները կիրականացնեն նաև նշագծման, ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում