Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:
«Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է գրառման մեջ:
Ռուդոլֆ Ղևոնդյանը 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։ 1973-2004 թթ աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ Նա 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։ Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Նահապետ», «Արյուն», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ընկեր Փանջունի», «Հարսնացուն Ջերմուկից», «Սիրո աստղ» և այլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում