Հասարակական

Մատաղիսում 16 տարի առաջ երկու զինվորի սպանության դեպքով քրեական գործի  կասեցումը վերացվել է

2 րոպեի ընթերցում

Մատաղիսում 16 տարի առաջ երկու զինվորի սպանության դեպքով քրեական գործի  կասեցումը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատաղիսում 2003 թվականին երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Ռոման Արամի Եղիազարյանի և Հովսեփ Մովսեսի Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

Արդյունքում՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ՝ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Վերսկսված նախաքննության ընթացքում ձեռնարկվում են օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, հետազոտման, հանցանք կատարած անձի (անձանց) բացահայտման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում