Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Բելառուսական մի քանի նախագիծ ներկայացված կլինի «Սևան ստարտափ սամիթ»-ում


ՄԻՆՍԿ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական մի քանի նախագիծ ներկայացված կլինի «Սևան ստարտափ սամիթ»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մինսկից, այս մասին նշեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատվիրակության հետ Մինսկում Բարձր տեխնոլոգիաների պարկ այցելությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

«Կարող եմ ասել, որ շատ տպավորված եմ, բավական լավ նախագծեր կան այս պարկում:  Նայելով ներկայացված նախագծերին՝  կարող ենք ասել, որ մենք էլ հետ չենք մնում ընդհանուր միտումներից: Շատ նորարարություններ  մեր երկրում ևս առկա են: Ընդհանուր ինովացիոն համակարգը բավական արագ զարգանում է, և կարծում եմ, որ մենք ունենք հայ բելառուսական հարաբերություններում տարբեր ոլորտներում համագործակցելու շատ մեծ ներուժ, այդ թվում, տեղեկատվական տեխնոլոգիաների: Այս պահին մենք ունենք մի քանի պայմանավորվածություն, այստեղի նախագծերից մի քանիսը նեկայացված կլինեն նաև «Սևան ստարտափ սամիթ»-ում: Այսօր հիմք ենք դնում նոր համագործակցության, ես հույս ունեմ, այդ համագործակցությունը բավական արդյունավետ կլինի: Բազմաոլորտ զարգացում ենք ապրում և՛ Հայաստանում, և՛ Բելառուսում: Կարող եմ նշել, որ իրենց մոտ արագ զարգանում են գյուղատնտեսության հետ կապված նախագծերը: Մեր դեպքում կարող եմ ասել, որ տարբեր ոլորտներում արագ աճ ենք գրանցում»,-նշեց Պետրոսյանը:

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները։ Դրանց մեծ մասն արդեն բավականին արդյունավետ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում։

Վարվառա Հայրապետյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ