Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիրների համագործակցության կարեւորությունը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն իր խոսքում ընդգծել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները: Սլովակիան ԵՄ առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անդրեյ Դանկոն վստահություն է հայտնել, որ Երեւանում Սլովակիայի դեսպանատան բացումը նոր զարկ կտա երկկողմ հարաբերություններին:

Հայկական խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ սլովակ գործընկերները կաջակցեն նաեւ Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի հարցում:

Կողմերի միջեւ Հայաստան եւ Սլովակիա փոխադարձ այցեր կատարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում