Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը. Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել այն

Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը. Բյորն Սյոդերը Շվեդիայի 
կառավարությանը կոչ է անում ճանաչել այն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ և հայ ժողովրդի բարեկամ Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը դավաճանություն է որակում: «Արմենպրես»-ը շվեդ պատգամավորի հետ զրուցել է այս և օրակարգային այլ հարցերի շուրջ:

-Պարոն Սյոդեր, դուք առաջիններից էիք, որ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո այցելեցիք Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այդ այցից:

- Ես խորապես տպավորված էի ժողովրդավարական այդ հասունությամբ, որը դրսևորվեց երկրի համար այդ ճակատագրական իրադարձության ընթացքում: Ես, ինչպես և աշխարհի մեծ մասը, իհարկե, անհանգստանում էի, որ հեղափոխության ընթացքում իրավիճակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին շատ հաճախ ականատես ենք եղել այլ երկրներում, որտեղ սկզբնական խաղաղ ակցիաները վերափոխվել են մեծամասշտաբ հեղափոխությունների: Սակայն, ես կարծում եմ, որ Հայաստանը ցույց տվեց, որ արժանի է գովեստի խոսքերի և հարգանքի: Ես այդ մասին շեշտել եմ իմ այցի ժամանակ տեղի ունեցած բոլոր երկխոսությունների ընթացքում:

-Ինչպե՞ս եք գնահատում Շվեդիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը: Ինչպիսի հեռանկար կա այդ համագործակցության զարգացման համար:

- Պարզ է, որ հնարավորություն կա միջխորհրդարանական համագործակցության, և առաջին հերթին դրա ինտենսիվությունը խթանելու համար: Ես շատ հուսով եմ, որ մենք կկարողանանք խորացնել համագործակցությունը և օգտագործել մեր երկրների փորձը: Միջազգային մակարդակում միջխորհրդարանական տարբեր ասամբլեաների շրջանակում ևս համագործակցության հավելյալ հնարավորություններ կան: Անձամբ ես ակտիվորեն ներգրավված եմ ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի աշխատանքներում և ողջունում եմ այդ ասպարեզում համագործակցության ընդլայնումը:

-Պարոն Սյոդեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը վերջերս այցելեց Շվեդիա, և հանդիպեց շվեդ խորհրդարանականների հետ: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այդ այցից:

- Շատ լավ այց էր: Հուսով եմ, որ հայկական պատվիրակությունն այն նույնքան արժեքավոր համարեց, որքան՝ ես: Ես մասնակցեցի խոսնակների զրույցին, ինչպես նաև մատուցված ճաշին: Ընդհանուր առմամբ, քաղաքականության վերաբերյալ մենք արդյունավետ երկխոսություն ունեցանք: Ես օգտվեցի այդ հնարավորությունից, որպեսզի պարոն Միրզոյանին խնդրեմ՝ մեր ժողովի խոսնակին դիմի՝ մեր խորհրդարանի «Բարի գործերի սենյակ»-ում Ալմա Յոհանսոնի տեղն ամրագրելու հարցով, ինչին ես երկար ժամանակ է՝ փորձում էի հասնել:

- Ալմա Յոհանսոնի անունը բարձր է գնահատվում Հայաստանում, 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության սարսափները վերապրած հայ երեխաների տառապանքը թեթևացնելու գործում իր մարդասիրական գործունեության համար: Ինչպիսի՞ն էր խորհրդարանական այլ ուժերի արձագանքը, երբ դուք «Բարի գործերի սենյակ»-ում նրան նվիրված հատուկ տեղ հատկացնելու առաջարկով հանդես եկաք, և ո՞րն է նման տեղ հատկացնելու անհրաժեշտությունը:

- Լինելով Ներկայացուցիչների պալատի երկրորդ փոխխոսնակը, ես առաջարկեցի, որ Ալմա Յոհանսոնը ներկայացված լինի այդ սենյակում: Աշնանը տեղի ունեցած ընտրություններից հետո ես ևս մեկ անգամ վերահաստատեցի իմ առաջարկը: Սահմանադիր խորհուրդն այլ ճանապարհներ ցույց տվեց, որոնցով հնարավոր կլիներ խորհրդարանում առաջ տանել այդ հարցը: Վերջերս ես քաղաքական խորհուրդ բացահայտեցի, որն իր աշխատանքից դուրս ակտիվորեն զբաղվում է այդ սենյակի զարգացմամբ: Այդ պատճառով ես միացա նշված խորհրդին, և կշարունակեմ այժմ այդ ֆորմատում զբաղվել Ալմա Յոհանսոնին նվիրված տեղի հարցով: Հուսով եմ, որ աշխատանքս հաջող կընթանա, և մենք այդ սենյակում կտեսնենք Ալմա Յոհանսոնին: Նա այնքան արժանի է դրան: Հնարավոր է, որ իր տեղի ամրագրման ամենակարևոր հանգամանքն այն է, որ շվեդ դպրոցականները, որոնք ամեն տարի այցելում են մեր խորհրդարան և անցնում են այդ սենյակով, տեղեկացված կլինեն ցեղասպանության մասին: Դա չափազանց կարևոր է, հատկապես այն առումով, որ մինչև այսօր տեղի ունեցածի ժխտողներ գոյություն ունեն: Մենք երբեք չպետք է մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել:

- Պարոն Սյոդեր, Շվեդիայի խորհրդարանը 2010թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և կառավարությանը հորդորեց հետևել իր օրինակին: Ըստ ձեզ, ինչո՞ւ Շվեդիայի կառավարությունը մինչև օրս պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի մարդկության նկատմամբ նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը:

- Այն, որ մեր խորհրդարանը ճանաչել է ցեղասպանությունը, անձնական հպարտության առիթ է հանդիսանում: Միևնույն ժամանակ ես հիասթափված և դավաճանված եմ զգում նրանով, որ շվեդական կառավարությունը մինչև օրս չի ճանաչել այն, ինչ խորհրդարանը խնդրել է: Սոցիալ-դեմոկրատները 2014թ. նախընտրական շրջանում խոստացել էին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, եթե հաղթեին ընտրություններում: Չնայած նրան, որ նրանք ընտրություններին հաղթեցին, հետո հաղթեցին նաև 2018թ., նրանք այդ խոստման կատարումը ձախողեցին, և ես այն դիտարկում եմ, որպես մեր կառավարության ու վարչապետի կողմից կատարված զանգվածային դավաճանություն:

- 2019թ. մայիսի 2-ին Շվեդիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ձեր կարծիքով, ինչպե՞ս համաձայնագիրը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի և Շվեդիայի երկկողմ հարաբերությունների վրա:

­- Ես հուսով եմ, որ այդ համաձայնագիրը կնպաստի մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության, գիտական հետազոտությունների և ներդրումների համար հետաքրքրությունների ընդլայնմանը:

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]