1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուղևորափոխադրում կատարող հայկական 3 ավիաընկերություն կավելացնի դեպի Ռուսաստան և Վրաստան թռչող օդանավերի թիվը

Ուղևորափոխադրում կատարող հայկական 3 ավիաընկերություն կավելացնի դեպի 
Ռուսաստան և Վրաստան թռչող օդանավերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Ռուսաստան և Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով: Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»,- գրել է Ճաղարյանը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նույն օրը բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ:

Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներին հաջորդել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Հունիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]