Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի աշխատասիրությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հրատարակել է «Վեմ» կրթամշակութային հիմնադրամը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ և Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ։

Շուրջ 30 տարի Տեր Մեսրոպ քահանա Արամյանն աշխատել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության վրա: Այդ ընթացքում թարգմանության հեղինակը կատարել է Եկեղեցու հայրերի աստվածաբանական ժառանգության ուսումնասիրություններ եւ թարգմանություններ` ձեռք բերված փորձը ուղղելով գխավոր նպատակին՝ «Մատյանի» թարգմանությանը։

Թարգմանության հեղինակը իր ներածականում մասնավորաբար ասում է.

«Մատեանը» մեզ համար բացում է մարդու եւ Աստուծոյ յաւիտենական երկխօսութեան աներեւակայելի գեղեցկութիւնը եւ խորութիւնը… Դարեր շարունակ «Նարեկը» դարձել է հոգեւոր ինքնավերլուծութեան, ապաշխարութեան, աստուածաբանութեան, աստուածպաշտութեան մի եզակի աղբիւր բոլոր նրանց համար, ովքեր բռնել են կատարելութեան վերընթացի ճամփան»: 

«Նարեկացու աղօթքներն ունեն վերերկրային գեղեցկութիւն: Գոյութիւն ունեցող արտայայտչամիջոցները կարծես ի զօրու չեն եզրագծելու եւ արտայայտելու Նարեկացու երկնային երգը: Նա բառերին յատուկ զօրութիւն եւ նոր իմաստային լիցքեր է հաղորդում, ստեղծում  հոգեւոր նրբութիւններ արտայայտող բազմաթիւ նոր բառեր… Հայոց լեզուն նրա շնորհիւ բարձրանում է որակական նոր մակարդակի: Այն սրբանում եւ հոգեղինանում է` դառնալով աղօթքի երաժշտութեան գործիք»: 

«Իւրաքանչիւր սերունդ կարիք ունի ճշտելու իր հոգեւոր հիմքերը եւ դրանից բխող առաքելութիւնը… Այսօր մենք` հայերս, եթէ փորձենք հասկանալ մեր հոգեւոր հիմքերը եւ մեր գոյութեան նպատակը, անխուսափելիօրէն կանգնելու ենք Նարեկացու վկայութեան առջեւ… Նարեկացին իր մատեանով արդէն հազար տարի մեզ դարձրել է այլ մակարդակի ժողովուրդ, որպէս տիեզերական ուսուցիչ՝ նա մեզ դարձրել է աշխարհի ուսուցիչ եւ այլոց օրինակ ծառայող»: 

«Հայերը կարիք ունեն վերաբացայայտելու Նարեկացուն… «Մատեանը» ե՛ւ բարձրագոյն  արուեստ է, ե՛ւ մտածողութիւն, ե՛ւ փիլիսոփայութիւն եւն: Բայց պէտք է յիշել, որ այն խոր հոգեւոր բովանդակութիւն ունեցող գիրք է, որն անտեսանելի է դրսից: Տաճար պէտք է մտնել դռնով: Տաճար թափանցելու մնացած ճանապարհները պարսաւելի են: Այս գիրք-տաճարի դուռը աղօթքն է: Այդպէս է պնդում հեղինակը: Եւ ահա մարդկութիւնը հնարաւորութիւն է ստանում այս կենդանի գրքով առաջնորդուելու: Սակայն նախ եւ առաջ մենք՝ «Նարեկը» պահպանողներս եւ փայփայողներս, կարիք ունենք այն իսկապէս բացելու եւ Աստուծոյ հետ խօսելու»:

Իր  աշխատասիրության մասին հեղինակն ասում է.

«Ներկայացուող թարգմանութիւնն իր բնոյթով իմաստային է: Փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը: Բացի դրանից, փորձել եմ հնարաւորինս հարազատ մնալ բնագրին»:

Հունիսի 22-ին հոգևոր, մշակութային, կրթական ու հասարակական  գործիչների մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղ ունեցավ ստեղծագործության  շնորհանդեսը։ Իսկ մինչ այդ՝ հունիսի 20-ին,  ուխտագնացություն կատարվեց դեպի պատմական Վանի նահանգի Նարեկավանք, որից ոչ հեռու գտվող  սբ Գրիգոր Նարեկացու ճգնարանում կատարվեց գրքի օրհնության կարգ։

Սբ Գրիգոր Նարեկացին Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից է և դասվում է սրբոց Թարգմանչաց վարդապետների կարգին: 2015 թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է որպես տիեզերական ուսուցիչ:

Թարգմանչի բնորոշմամբ՝ Նարեկացին համայն մարդկության  սեփականությունն է և խոսում է բոլոր մարդկանց անունից: «Նարեկացին «Մատյանում» չի գործածում «հայ» և «Հայաստան» բառերը, սակայն նրա ստեղծագործությունը ամենախոր ազդեցությունն է ունեցել մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության վրա: Նարեկացին ընդարձակել հայ լինելու իմաստը` վերածելով այն համամարդկային առաքելության»։

«Մատյան ողբերգությանը» սեղանի գիրք չէ, որ հեշտ ընթերցես ու ժամանակ անցկացնես, այն աղոթագիրք է, կատարելության ճանապարհով գնացողների համար է, և մեզանից պահանջում է վերափոխվել։ Սակայն այդ ամենին ավելի մոտենալու և ստեղծագործության ողջ խորությունն ընկալելու համար խորհրդային տարիներին գրաբարից թարգմանված «Նարեկը», Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կարծիքով, լավագույն տարբերակը չէ, ինչով պայմանավորված էլ նախաձեռնել ու տարիների ճանապարհ է անցել նոր թարգմանությունն ստեղծելու համար։

Ստեղծագործությունն այսուհետև կարելի է գտնել գրատներում։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ