Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որևէ հիմք չկա. մեղադրող կողմը ներկայացրեց երկրորդ բողոքը

 Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որևէ հիմք չկա. մեղադրող 
կողմը ներկայացրեց երկրորդ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմ` դատախազ Կարեն Բիշարյանը դատարանին ներկայացրեց երկրորդ բողոքը, որը վերաբերում է առաջին ատյանի դատարանի կողմից գործը կասեցնելուն և Սահմանադրական դատարան ուղարկելուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բիշարյանը նշեց, որ կասկած չկա, որ  կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանադրական կարգը տապալելը) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը զավթելը) համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին:

«Բացի այդ, ընդհանրապես չի կարող Սահմանադրական դատարան դիմելու համար գործի վարույթը կասեցվել՝ ակնկալելով, որ Սահմանադրական դատարանը ինքնին կմեկնաբանի Սահմանադրության այս կամ այն հոդվածը: Այս պայմաններում ակնհայտ է, որ առաջին ատյանի դատարանը մեր կողմից վիճարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում: Առաջին ատյանի դատարանը կիրառել է քրեական դատավարության օրենսգրքի 31.2 հոդվածը, որը տվյալ իրավիճակում ընդհանրապես կիրառման ենթակա չէր»,- ասաց Բիշարյանը:

Մեղադրող կողմը դատարանին խնդրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ, հաստատելով գործի վարույթի կասեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու հիմքերի բացակայությունը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և այլոց վերաբերյալ քրեական գործով դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանադրական կարգը տապալելը) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի ( իշխանությունը զավթելը) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1(Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է) և 57-րդ հոդվածները (Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում: Դատարանը որոշում էր կայացրել կասեցնել քրեական գործի վարույթը` մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը:

Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 9-ը երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ ներկայացված դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը:

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am