«Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա օգոստոսին
ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հանցագործության կանխարգելման նպատակով բնակելի շենքերի վրա կտեղադրվեն տեսախցիկներ: Առայժմ խոսքը վերաբերում է 16 բնակելի շենքի, իսկ տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար գումար կհատկացվի համայնքի բյուջեից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին ավագանու քննարկման 23 հարցերից մեկը վերաբերում էր 16 համատիրություններին 26 միլիոն ՀՀ դրամ որպես սուբսիդիա հատկացնելուն: Նշված գումարից 17 միլիոն 650 հազար դրամը նախատեսվում է բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով, իսկ 8 միլիոն 350 հազարը` 220 տեսախցիկ գնելու համար: Տեսախցիկների տեղադրման վայրը որոշելու է Գյումրու համայնքապետարանը, դրանք տեղադրվելու են համատիրությունների ենթակայության շենքերում: Թեև ավագանու 23 անդամից 9 դեմ էին այս նախագծի ընդունմանը՝ նշելով, որ դա ոստիկանության խնդիրն է և ՀՀ ոստիկանությունն իր միջոցներից պետք է գումար հատկացնի այդ նպատակով, այնուամենայնիվ՝ մեծամասնությամբ նախագիծը ընդունվեց:
Ավագանու քննարկման մյուս հարցը միաձայն ընդունվեց՝ բյուջեից 8 մլն դրամ կհատկացվի օգոստոսին նախատեսվող «Գյումրու օր» տոնակատարության համար:
Ավագանին նաև որոշեց գումար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքների և համայնքապատկան մանկապարտեզներից դպրոց գնացող երեխաների համար: 1 մլն 217 հազար 500 դրամ հատկացվեց «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում