«Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա օգոստոսին

Armenpress 21:00, 12 Հունիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈւՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում հանցագործության կանխարգելման նպատակով բնակելի շենքերի վրա կտեղադրվեն տեսախցիկներ: Առայժմ  խոսքը վերաբերում է 16  բնակելի շենքի, իսկ տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար գումար կհատկացվի համայնքի բյուջեից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին ավագանու  քննարկման 23 հարցերից մեկը վերաբերում էր 16 համատիրություններին 26 միլիոն ՀՀ դրամ որպես սուբսիդիա հատկացնելուն: Նշված գումարից 17 միլիոն 650 հազար դրամը նախատեսվում է բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ  կատարելու  նպատակով, իսկ 8 միլիոն 350 հազարը` 220 տեսախցիկ գնելու համար: Տեսախցիկների տեղադրման վայրը որոշելու է Գյումրու համայնքապետարանը, դրանք տեղադրվելու են համատիրությունների ենթակայության շենքերում:  Թեև  ավագանու 23 անդամից 9 դեմ էին  այս նախագծի ընդունմանը՝  նշելով, որ  դա ոստիկանության խնդիրն է  և ՀՀ ոստիկանությունն իր միջոցներից պետք է գումար հատկացնի այդ նպատակով, այնուամենայնիվ՝ մեծամասնությամբ նախագիծը ընդունվեց:

 Ավագանու քննարկման մյուս հարցը  միաձայն ընդունվեց՝  բյուջեից 8 մլն դրամ կհատկացվի օգոստոսին նախատեսվող «Գյումրու օր» տոնակատարության համար:

Ավագանին նաև որոշեց գումար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքների և համայնքապատկան մանկապարտեզներից դպրոց գնացող երեխաների համար: 1 մլն 217 հազար  500 դրամ հատկացվեց «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով։ 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am