Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու որոշումը վկայում է քննությունը ձգձգելու մասին. ՀՀ գլխավոր դատախազ

   Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու որոշումը վկայում է քննությունը ձգձգելու մասին. ՀՀ 
գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ բողոքները շատ հստակ են և հիմնավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք գնահատում ենք, որ կայացված դատական ակտը` լինելով անհիմն և անօրինական, վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին»,- ասաց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ առաջին ատյանի դատարանը դեռ չսկսած գործի քննությունը գտնում է, որ այդ նորմերի սահմանադրականության հարց կա` այն էլ օրենքով նախատեսված ձևակերպումների խիստ սխալներ թույլ տալով, գումարած դրան, որ ՍԴ-ն գնահատական արդեն իսկ տվել է, որ դատարանները կարող են մեկնաբանել այդ հարցերը:

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որևէ մեկի ցանկությունը չէ և դա ինքնանպատակ խնդիր չէ: «Բոլորս շատ լավ հասկանում ենք՝ ինչ քրեական գործի հետ գործ ունենք: 11 տարի անց դուք տեսնում եք, որ բացահայտվում է սպանություն (խոսքը Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի մասին է-խմբ.): Բայց այս գործերը փոխկապակցված են: Այս գործով հազարից ավելի մարդիկ են հարցաքննվել և դեռ մի հազար և ավելիին հարցաքննելու անհրաժեշտություն է կա»,- նշեց Դավթյանը:

Գլխավոր դատախազի պնդմամբ` մեծ է հավանականությունը, որ Քոչարյանը ներգործություն կունենա գործի քննությանը: «Պարզ է, որ մեծ է հավանականությունը: Այսպիսի իրավիճակում ռիսկ կա ապօրինի ներգործության»,- նշեց Դավթյանը: Հստակ փաստ ապօրինի ներգործության վերաբերյալ չկա, բայց խոսքը չի գնում եղած փաստերի մասին: «Եվ քրեադատավարական օրենքը, և մեր նախադեպային իրավունքը, և եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների և ռիսկերի մասին են խոսում: Ասվում է` կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի, այսինքն` գործող փաստի մասին չի խոսքը»,- եզրափակեց Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]