Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ Է կիրառել ցուցարարների նկատմամբ
14:32, 12 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել արմատական ցուցարարների առանձին խմբերի նկատմամբ, որոնք հունիսի 12-ին փորձել են ներխուժել Օրենսդրական խորհրդի համալիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTHK ռադիոկայանը:
Ներկայում արտահանման մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ շարունակում են շրջապատել կառավարական համալիրը: Ակտիվիստների մի մասը ճոճում Է մետաղական արգելափակոցը՝ փորձելով գրոհով ներս մտնել: Կարգի պահապանները բազմությանը զսպում են պղպեղային գազով եւ ռետինե մահակներով, իսկ այնուհետեւ կիրառել են արցունքաբեր գազ եւ ծխագլանիկներ:
Բողոքների կազմակերպիչները հայտարարել են, որ Օրենսդրական խորհրդի պաշարումը կարող Է շարունակվել մի քանի օր, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել օրինագծի ընդունման գաղափարից, որը թույլ կտա կարգավորել հանցագործությունների մեծ կասկածվող անձանց ինքնավար Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Հոնկոնգի Օրենսդրական խորհուրդը որոշել Է հետաձգել ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի քննարկման համար նիստի անցկացումը բողոքի բազմահազարանոց ակցիայի ֆոնին, որն ընդգրկել Է քաղաքի կենտրոնը: Խորհրդարանի քարտուղարությունում չեն ճշտել, թե ինչ ժամկետով կարող Է հետաձգվել նստաշրջանը:
Ավելի վաղ Հոնկոնգի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք դեմ են արտահայտվում օրինագծին: ՏԱՍՍ-ի թղթակցի վկայությամբ, հանրահավաքի մասնակիցները լցվել են կառավարական համալիրին եւ Օրենսդրական խորհրդին հարող փողոցները Ադմիրալտիի շրջանում: Մարդկանց բազմություններն արգելափակել են տրանսպորտի երթեւեկությունը, ինչի հետեւանքով ճանապարհային լուրջ խցանումներ են առաջացել:
Հոնկոնգում ցուցարարները բողոքում են ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի եւ այդ ինքնակառավարվող հատուկ վարչական շրջանի ներքին գործերի նկատմամբ Չինաստանի իշխանությունների կողմից վերահսկողության ուժեղացման դեմ:
Նորամուծությունը թույլ կտա Չինաստանի իշխանությունների պահանջով մայր ցամաք հանձնել այն անձանց, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենքների խախտման մեջ:
Դրա դեմ հանդես Է գալիս տեղական ընդդիմությունը, որն անհանգստացած Է Հոնկոնգի ներքին գործերի նկատմամբ Պեկինի վերահսկողության ուժեղացումից: Ընդդիմությունը զգուշանում Է, որ արտահանձնումը կարող Է տարածվել ոչ միայն քրեական եւ կոռուպցիոն գործերի ֆիգուրանտների, այլեւ իրավապաշտպանների եւ այլախոհների վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում