Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Fashion Forum Yerevan 2019»-ը նորաձևության տոն է նվիրելու ոլորտի մասնագետներին. նախատեսվում են կրթական ծրագրեր, ցուցադրություններ

 «Fashion Forum Yerevan 2019»-ը նորաձևության տոն է նվիրելու ոլորտի 
մասնագետներին. նախատեսվում են կրթական ծրագրեր, ցուցադրություններ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաձևության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով Երևանում հունիսի 25-29-ը անցկացվելու է  «Fashion Forum Yerevan» ամենամյա ծրագիրը: Նախաձեռնության շրջանակում հայ դիզայներները, ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպել միջազգային առաջատար մասնագետների հետ, մասնակցել կրթական ֆորումի` ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հունիսի 25-ին «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում: Ներկայացվելու է «Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին ցուցադրվելու են հայ դիզայներների հագուստների ու աքսեսուարների նմուշներ, որոնց ստեղծման ակունքներում հայկական մշակույթն է:

« «Fashion Forum Yerevan»-ը անցկացվում է երկրորդ անգամ: Այն ունի կրթելու, դիզայներների և ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակ»,- հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ Վահան Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում հունիսի 26-27-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվելու է երկօրյա կրթական ֆորում, որին մասնակցելու է և իր փորձով հայ դիզայներների հետ կիսվելու է  նորաձևության ոլորտի շուրջ 15 միջազգային  փորձագետ: Կլինեն դիզայներներ, ոճաբաններ, բլոգերներ, լրագրողներ:

Հունիսի 28-ին «5 concept» հայկական դիզայներական խանութ-սրահում հայ դիզայներները, որոնց թվում են Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը և այլք, արտերկրից ժամանած գործընկերներին են ներկայացնելու իրենց հավաքածուները` ստեղծված հատուկ միջոցառման համար:

Հունիսի 29-ին հյուրերի հետ մշակութային շրջայց է իրականացվելու Տավուշի մարզում: Սմիթսոնյան ինստիտուտի  «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպված շրջայցի նպատակն է ֆորումի միջազգային հյուրերին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթն ու հին ձեռագործ արհեստների նմուշները:

«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը անդրադարձավ  միջոցառման կրթական հատվածին և ասաց, որ փորձել են ներգրավել ոլորտի առաջատար մասնագետների Անգլիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից, որպեսզի տեղի դիզայներները նրանց հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, փորձի փոխանակման հարթակ ստեղծվի:

Մանուկյանն ընդգծեց, որ ֆորումի շրջանակում ընդգրկել են «Մշակութային ժառանգության պահպանում», «Հայկական տարազ», «Նորաձևություն և քաղաքականություն», «Բիզնես ստեղծում. տեղականից դեպի միջազգային» և այլ թեմաներ:

«Նմանատիպ միջոցառումներն անուղղակիորեն նպաստում են մեր երկրի ճանաչողությանը, մեզ վրա են հրավիրում ինչպես միջազգային մասնագետների, այնպես էլ նրանց հետևորդների ուշադրությունը: Հուսամ` այս նախաձեռնությունը շարունակական կլինի»,-նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am