Հասարակական

46 համար երթուղայինի կարգազանց վարորդը կհեռացվի աշխատանքից

2 րոպեի ընթերցում

46 համար երթուղայինի կարգազանց վարորդը կհեռացվի աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հասարակական տրանսպորտի 46 համար երթուղայինի վարորդը, ով երթուղայինը վարելու ընթացքում ծխել էր, այնուհետև վեճի բռնվել ուղևորներից մեկի հետ, կհեռացվի աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Նախօրեին տարածված տեսանյութում արձանագրված՝ 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երերւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

Ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղեւորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաեւ ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում:

Ուզում եմ նշել նաեւ, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել, ըստ էության, հնարավոր չէ: Հարցի խորքային լուծումը կտրվի այն ժամանակ, երբ ուղեւորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղեւորների քանակից:

Այս ամենն իրագործելու համար քաղաքապետարանը ներկայումս ինտենսիվ աշխատանք է տանում՝ տրանսպորտի նոր ցանցը հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ»,- գրել է Կարապետյանը:

«Ֆեյսբուք»-ի օգտատերեր Անի Խաչատրյանը տեսանյութ էր հրապարակել՝ ահազանգելով, որ 46 համարի երթուղայինի վարորդներից մեկը վարելու ընթացքում ծխել է, չի ենթարկվել ծխախոտը հանգցնելու կոչերին, վեճի բռնվել ուղևորի հետ:

ԼՐԱՑՈՒՄ. ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ 46 համարի երթուղայինի կարգազանց վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում