Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

«Երևանյան բեսթսելեր». «Կախվածությունը» կրկին առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. մայիս, 2019


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: Այն պատմվածքների ժողովածու է, որը, հեղինակի բնորոշմամբ, «չի պարունակում հոգեմետ տարրեր, հեղինակը ջահել է, թեմաները բռնացրել է տարիքի հետ: Կազմը կոշտ է, բայց ոչ կոպիտ։ Սիրալիր է, մարդամոտ ու չի կծում»:

Երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» վեպը երրորդ հորիզոնականում է: Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը գրողն է, ով անընդհատ հանդիպում է հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ և կենդանի ու առողջ երկխոսությունների մեջ մտնում նրանց հետ։ Այս գրքում հեղինակը հատկապես երիտասարդներին փորձում է ասել, որ պետք չէ հավատալ որևէ մեկին, պետք չէ տպավորվել, որովհետև այս կյանքում բոլորն ունեն շահեր և նպատակներ։ Պետք է մոռանալ կարծրատիպերը։

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակմի շան պատմություն» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով... Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...

Վեցերորդ հորիզոնականում Արամ Պաչյանի «Ցեսություն, ծիտ» վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Ութերորդ հորիզոնականում է Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:

Մարգարիտ Դերանցի «Քրտնաձուկ» պատմվածքների ժողովածուն, որը նախանշում է թեմատիկ նոր տարածություններ գրողի համար, տասնյակի իններորդ հորիզոնականում է: Շարունակելով մնալ, այսպես կոչված՝ ոչ հայաստանյան իրականության գեղարվեստական տարածության մեջ, Դերանցն իրեն բնորոշ հոգեբանական նուրբ սուզումներով պատկերում է մարդկային զգացմունքների, կրքերի, հարաբերությունների մի ամբողջ պատկերասրահ, որտեղ դիմագիծ ու սկզբունքը պահպանելը դառնում է գերագույն մարտահրավեր:

Տասներորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» : Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 192
2 0

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 94
3 0

Վահրամ Սահակյան

«Ատյան ողբերգության»

Արմավ 50
4 0

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 48
5 +4

Դավիթ Սամվելյան

«Արտագաղթած կարոտ»

Էդիթ Պրինտ 30
6 նոր

Արամ Պաչյան

«Ցեսություն, ծիտ»

Էջ 29
7 -2

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 24
8 +2

Պարույր Սևակ

«Ընտիր էջեր»

Արեգ 23
9 նոր

Մարգարիտ Դերանց

«Քրտնաձուկ»

Անտարես 23
10 -2

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Էդիթ Պրինտ 22



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ