1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետությունն ավելացնում է միջին մասնագիտական հաստատությունների պետպատվերի տեղերը, թարմացվում է մասնագիտությունների ցանկը

Պետությունն ավելացնում է միջին մասնագիտական հաստատությունների 
պետպատվերի տեղերը, թարմացվում է մասնագիտությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին մասնագիտական և արհեստագործական  ուսումնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ավելանում են նոր մասնագիտություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:  

-Պարոն Աղբալյան, դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտներից ոմանք նախընտրում են ավագ դպրոցի փոխարեն կրթությունը շարունակել քոլեջներում, ուսումնարաններում: Այդպիսի միտում նկատվո՞ւմ է:

-Այո, կա այդպիսի միտում, նախնական և միջին մասնագիտական հաստատությունների նկատմամբ գրավչությունը մեծացել է: Միայն նախորդ տարի մոտ 800 դիմորդ մրցույթից դուրս է մնացել: Այս տարի ավելի մեծ հոսք ենք կանխատեսում: Կառավարության որոշումը կլինի մոտ օրերին, ես ասեմ, որ այս տարի կունենանք 6 հազար 400 պետպատվերով տեղ միջին մասնագիտական և 3 հազար 400 տեղ արհեստագործական կրթության մասով: Միջին մասնագիտական հաստատությունների հետ կապված պետպատվերով տեղերի թիվն ավելացրել ենք 130-ով: Նախորդ ուսումնական տարում մենք սահմանել էինք 6 հազար 270 անվճար տեղ: Ինչ վերաբերում է արհեստագործական պետական ուսումնական հաստատություններին, ապա այստեղ պետպատվերի տեղերը բավարարում են:

-Ինչո՞վ է պայմանավորված, որ քոլեջների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, մի ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատություն գնալն էր տարածված:

-Կարծում եմ, որ ճիշտ չէ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համեմատելը, որովհետև քոլեջներ ընդունվում են հիմնականում հիմնական կրթության հիմքով: Գրավչությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով: Ավագ դպրոցի փոխարեն նախընտրում են նախնական և միջին մասնագիտական կրթություն, որովհետև ուսման տևողությունը հիմնականում նույնն է, նույն հնարավորությունն են ունենում բուհի մուտքի համար, դրանից բացի, ստանում են մասնագիտական որակավորում: Ամեն դեպքում եթե նայենք քոլեջից բուհ ընդունվողների կառուցվածքում, ապա մեծ թիվ չի կազմում: Նրանցից 10 տոկոսն է ցանկանում քոլեջից հետո կրթությունը բուհում շարունակել: Հիմնական մասը դուրս է գալիս աշխատաշուկա  աշխատելու: Ուսանողն անվճար ստանում է կրթություն, մասնագիտություն, որակավորում և արագ իր տեղն է գտնում աշխատաշուկայում:  

-Իսկ ո՞ր մասնագիտություններն են պահանջված:

-Պահանջված մասնագիտություններին երկու տեսանկյունից նայենք: Մասնագիտություններ, որոնք պահանջված են երեխաների ու նրանց ծնողների շրջանում, և մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում: Շատ հաճախ առանձնացվում են մասնագիտություններ, որոնք աշակերտների շրջանում պահանջված են, սակայն աշխատաշուկայում պահանջված չեն: Մասնավորապես, հաշվապահական հաշվառում, բանկային գործ, ֆինանսներ և այլն: Նշված ուղղություններով գործատուները հիմնականում բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածներին են վերցնում:  Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ այն մասնագիտությունները, որոնք շուկայում այդքան էլ պահանջված չեն, դրանց պետական պատվերն անհամեմատ իջեցվեն: Զարկ ենք տվել այն մասնագիտություններին, որոնք շուկայում պահանջարկ ունեն:

-Ի՞նչ մասնագիտությունների մասին է խոսքը, ո՞ր ուղղություններին եք նախընտրություն տալիս:

-Մենք նախապատվությունը տալիս ենք կառավարության կողմից սահմանված գերակա ուղղություններին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, տուրիզմ և սպասարկման ոլորտ և այլն: Եթե երեք-չորս տարիների կտրվածքով նայենք, ապա այս ուղղություններով մասնագիտությունների պետպատվերի տեղերն ավելացրել ենք: Բացի այդ նոր մասնագիտություններ ենք ներդնում: Օրինակ, այս տարի Երևանի N2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում  ներդնում ենք սառնարանային տնտեսության մասնագիտություն: Այն նոր է, արդյունքում ունենալու ենք սառնարանների, օդափոխման համակարգերի տեխնիկ որակավորմամբ մասնագետներ: Չափորոշիչները պատրաստել ենք, սարքավորումները ներկվել են, հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են, սեպտեմբերի 1-ից ընդունելություն կիրականացնենք:  Հաջորդ մասնագիտությունը կոչվում է չոր շինարարություն, ինչը վերաբերում է ներքին հարդարման աշխատանքներին գիպսաստվարաթղթի կիրառմամբ և այլն: Հաջորդ մասնագիտությունը կոչվում է ծխախոտագործություն, որը սկզբում ներդնելու ենք Մասիսի տարածաշրջանում: Հետո այլ մարզերի քոլեջներում կներդնենք:

-Այս մասնագիտությունների մասին դուք բիզնեսի՞ց եք ազդակներ ստացել:

-Իհարկե, և ոչ միայն: Բիզնեսից, տարբեր ծրագրերից, տարբեր մոնիտորինգներից, մեր ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններից:

-Դուք նշեցիք, որ աշխատաշուկային, գործատուներից եկած ազդակներին ընդառաջ եք գնում, վերաթարմացնում ենք մասնագիտությունները քոլեջներում, արհեստագործական հաստատություններում: Իսկ շրջանավարտներից արձագանք կա՞: Որքանո՞վ են նրանք տեղեկացվում շուկայում պահանջված մասնագիտությունների մասին, որ ընտրությունը կանգ առնի դրանց վրա: 

-Նախորդ տարվանից Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աջակցությամբ պետական բյուջեի միջոցներով միջին մասնագիտական, արհեստագործական հաստատություններում ստեղծեցինք կարիերայի կենտրոններ, այս տարի այդ ծրագիրը ևս շարունակվեց: Այդ կարիերայի կենտրոններն անցել են վերապատրաստում, ունեն հստակ ծրագրեր և հարակից դպրոցների շրջանում իրականացնում են կարիերայի ուղղորդման աշխատանքներ: Կապը կա դպրոցների հետ: Չեմ կարող ասել, որ հաստատություններն ամբողջական շուկայի պահանջարկից բխող մասնագետներ են պատրաստում, որովհետև դա ժամանակատար գործընթաց է: Ամեն դեպքում մենք կհասնենք այդ արդյունքին: Բայց մի բան կուզեմ ավելացնել, աշխատաշուկայի ամբողջական ուսումնասիրություն  դեռ չկա, որն էլ խոչընդոտում է երկարաժամկետ պլանավորման գործընթացին:

-Խոսեցինք մասնագետների վերաթարմացման մասին, իսկ դասավանդումների բովանդակային մասով ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում: Ժամանակին գործատուներից կար դժգոհություն այն մասին, որ քոլեջներից եկած շրջանավարտներին իրենք նորից վերապատրաստում են աշխատանքի ընդունելու համար:

-Այո, կար այդպիսի խնդիր: Ասեմ, որ մասնագիտական կրթական չափորոշիչները վերանայելիս մենք պարտադիր դիմում ենք տարբեր գործատուներին, միություններին ու փորձում ենք համատեղ անել այդ աշխատանքը: Այլ բան է, որ այս գործատուի կազմած չափորոշիչը կարող է մեկ այլ գործատուի չբավարարի: Մյուս կողմից շատ կարևոր բան է պրակտիկան: Նախկինում եթե տեսականը շատ է եղել, քան գործնականը, իսկ գործնականն իրականացվել է հիմնականում հաստատության ներսում, ապա հիմա իրավիճակն այլ է: Հիմա արդեն փորձարարական կարգով որոշ հաստատություններում ներդրված դուալ կրթական համակարգում մինչև 70 տոկոս շեշտը դրվում է պրակտիկայի վրա: Ի դեպ, պետական որակավորմանը մասնակցում է նաև գործատուն և փորձում է մասնագետներ ընտրել: Ասեմ, որ ունենք շատ լավ փորձ այդ տեսանկյունից:

-Պարոն Աղբալյան, ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք այս կամ այն հաստատությունների դեպքում օրակարգային են և հրատապ լուծում են պահանջում, կապված թե վերազինման, թե շենքային պայմանների հետ:

-  Գործող մոտ 100 կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններից  կան հաստատություններ, որոնց շենքային պայմանները  բարենպաստ չեն, ջեռուցման համակարգ չկա, նյութատեխնիկական բազայի խնդիր ունեն: Մինչև 40 հաստատություն վերանորոգման, վերազինման կարիք ունեն: Բայց այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում է և տարբեր ծրագրերով, ըստ առաջնահերթության, խնդիրները լուծվում են:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]