Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին


ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունեցել մայիսի 30-ին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է  տնտեսական ցուցանիշներին:

«Մայիսի 27-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, և պետք է արձանագրել, որ առաջին չորս ամսվա տվյալներով Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով: Ըստ հրապարակված տվյալների՝ ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Եվ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7.1 տոկոս աճ են ունենում: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք,  հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և, ի վերջո, կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել:

Ուզում եմ մի քանի կարևոր ցուցանիշներ ընդգծել: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2 տոկոսով: Շինարարության ոլորտում, իհարկե, աճն ավելի քիչ է, քան մենք սպասում էինք կամ ցանկանում ենք, բայց համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան: Ինչու եմ համոզված, որովհետև հիպոթեկային շուկայում տիրող իրավիճակն անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի: Մենք հիմա, կարծում եմ, ճիշտ քաղաքականություն ենք վարում, երբ  շինարարական նախագծերը կամ հիպոթեկային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի և կոնկրետ ծրագրի հետ: Այսինքն՝ մենք շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում և բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց, համոզված եմ, որ շինարարության ոլորտում ակտիվությունը շատ ավելի շոշափելի կլինի, չնայած առաջին եռամսյակում այդ շոշափելի տեղաշարժերը մենք, այնուամենայնիվ, որոշակի տեսել ենք: Առևտրի շրջանառությունն ավելացել է  9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16.2 տոկոսով: Անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն է: Երևի մեկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ արտահանման իրավիճակի հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային: Մանրամասն քննարկեցինք իրավիճակը, և ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9.9 տոկոսի աճ ենք մենք արձանագրել: Նաև միջին անվանական ամսական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա ունենք, և կարծում եմ՝ այս դինամիկան,  առաջիկայում սպասվող և կանխատեսվող, այսինքն հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա: Եվ մենք հույս ունենք նաև, որ կառավարության վարած քաղաքականության  արդյունքում աշխատավարձի աճի այս դինամիկան կնկատվի ավելի շոշափելի նաև մասնավոր հատվածում: Եվ սա պետք է առաջիկա ժամանակաշրջանի համար լինի մեր առանցքային խնդիրներից մեկը»,-ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է տնտեսական հիմնական ցուցանիշները և նշել, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 14.7 տոկոսով։ Մասնավորապես, ծխախոտի արտադրանքի արտահանման ծավալները ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է  60 տոկոսով, ոսկերչական արտադրանքի առաջին չորս ամիսների արտահանումը կազմել է 14 մլն ԱՄՆ դոլար. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման աճը կազմել է 68 տոկոս,  շոկոլադի արտադրանքի արտահանումը չորս ամսում կազմել է 5 մլն դոլար՝ արտահանման ծավալն աճել է 34 տոկոսով։ Գինու արտահանման ծավալների աճը ընթացիկ տարվա առաջին 4 ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատ կազմել է 11 տոկոս։ Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ Կեցության և հանրային սննդի հետ կապված ծառայությունների աճը կազմել է 23.5 տոկոս: Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն աճել են 20 տոկոսով։ Կապիտալ բնույթի ապրանքների ներմուծման աճը ապրիլին կազմել է 12.7 տոկոս։    

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված տվյալներն ավելի ամրապնդեցին  տնտեսության լավ տրամադրություն ունենալու մասին հայտարարությունը: «Եվ սա իսկապես շատ լավ նորություն է: Պետք է խոստովանել, նախորդ ամիսներին մենք շատ կենտրոնացած էին տնտեսության վրա և հիմա պետք է, այդ կենտրոնացվածությունը   չթուլացնելով, նաև այլ մեզ հայտնի ոլորտներում առկա խնդիրները քայլ առ քայլ լուծենք, որովհետև ամբողջական բարեփոխումները շատ կարևոր են, որպեսզի տնտեսությունը լավ տրամադրությունը փոխակերպի տևական և կայուն զարգացման փուլի, և դա մենք անպայման կանենք»,-ասել է վարչապետը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մանրամասներ է ներկայացրել ճանապարհաշինարարության ոլորտում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ: «Այն կարևորագույն ճանապարհահատվածները, որոնց նախագծման հետ խնդիրներ են եղել, նախատեսում են մեկ անձի միջոցով նախագծերը պատվիրել։ Այս տարի կունենանք 330 կմ-ից ավելի կնքված ճանապարհահատվածներ, կաշխատենք ավելին անել, սակայն 330 կիլոմետր նախանշվածը ամբողջությամբ կիրականացնենք»,-նշել է փոխնախարարը։

Կառավարության ղեկավարը տնտեսության զարգացման համատեքստում  կարևորել է նաև ճանապարհաշինությունը և  ընդգծել. «Իհարկե, կապիտալ շինարարության առումով միայն ճանապարհաշինությունը չէ, բայց ճանապարհաշինությունն ունի երկու շատ կարևոր նշանակություն: Առաջինը՝ ենթակառուցվածքների զարգացումն  ինքն ակտիվացնում է տնտեսությունը: Կարծում եմ՝ ճանապարհների կառուցումը և լավ վիճակն ունի շատ կարևոր հոգեբանական նշանակություն ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտի, մարդկանց տրամադրության վրա: Եվ մենք պետք է իսկապես հնարավորինս արագ տեմպերով, բայց որակի մասին չմոռանալով, հանրապետության ճանապարհները բերենք բարձր մակարդակի»:

 

Վարչապետ Փաշինյանն այնուհետև անդրադարձել է կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքի ուժի մեջ մտնելու հարցին:

 

«Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է: Ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանց, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանց, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար: Համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Ավելի քան 200 հազար շահառու ևս կօգտվի

բժշկական օգնության և սպասարկման պետական ծառայություններից

 

«Դեղերի մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման կատարմամբ, ինչպես նաև բնակչության առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև համապատասխան դեղերի տրամադրման ծառայությունները մատչելի և հասանելի դարձնելու նպատակով  կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի նպատակը պետական միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործումն է: Արդյունքում նախատեսվում է ունենալ բժշկական օգնության և սպասարկման հասանելի համակարգ` բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի և համապատասխան պացիենտների համար: Մասնավորապես` առաջարկվում է շահառուների ցանկում ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները: Շահառուներին  տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն: Միաժամանակ այս շահառուները ներկայիս գործող կարգով չեն օգտվում ամբուլատոր պայմաններում անվճար հատկացվող դեղերից, ինչը բերել է նրան, որ այս շահառուները ոչ բարդացած հիվանդությունների բուժման նպատակով գերադասում են դիմել հիվանդանոցային անվճար բժշկական օգնության, քանի որ հիվանդանոցային բժշկական օգնությունը ներառում է նաև դեղերով ապահովումը: Նախաձեռնության արդյունքում ակնկալվում է թեթևացնել հիվանդանոցային բեռը և այն հիվանդությունները, որոնք հնարավոր է բուժել ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից` դեղերի տրամադրմամբ: Առաջարկվող լրացուցիչ շահառուների թվաքանակը կազմում է շուրջ 200 հազար: Ցանկում նախատեսվում է նաև ավելացնել նոր հիվանդություն և  ախտանիշ, մասնավորապես`  «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշը և վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդությունը:

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս, ՀՀ պետբյուջեի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրով սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է կառավարության համապատասխան որոշման համաձայն նաև առողջապահական ոլորտի հետևյալ կազմակերպությունների աշխատողները:  Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ծրագրի  շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացող շահառուների ցանկը: Մասնավորապես՝ առաջարկվում է այդ ցանկում ներառել և առողջապահական փաթեթներ ձեռք բերել մարզերում` 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող արյան փոխներարկման կայանների բոլոր աշխատողների համար՝ բացառությամբ տնտեսական սպասարկում իրականացնող աշխատողների (թվով մոտ 50 աշխատակից), Երևան քաղաքում` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների համար (թվով մոտ 560 աշխատակից): Առաջարկվում է նշված կազմակերպությունների բուժաշխատողների համար սահմանել փաթեթից օգտվող մնացած բուժաշխատողների համար նախատեսված նույն  առողջապահական ծառայությունների փաթեթը: Արդյունքում առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում  շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները  անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:

Կարևորելով ընդունված որոշումները՝ վարչապետը նշել է, որ նման նախաձեռնությունների մասին  անհրաժեշտ է  հավուր պատշաճի տեղեկացնել հանրությանը:  «Պետք չէ զլանալ և փոփոխությունները, համագործակցելով ԶԼՄ-ների հետ, ներկայացնել հանրությանը, որովհետև ձեզ հայտնի շրջանակներից բխող աղմուկ-աղաղակի տակ մենք բազմաթիվ որոշումեր ենք կայացրել ու դեռ բազմաթիվ որոշումներ ենք կայացնելու: Շատ կարևոր է, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, որովհետև շատ դեպքերում ինչ-որ տեղում ինչ-որ կոռուպցիոն դրսևորումներ են ի հայտ գալիս: Ու դրա պատճառներից մեկն այն է, որ քաղաքացիները երբեմն տեղյակ չեն լինում, որ, օրինակ, այդ դեղամիջոցը պետությունն իրենց հատկացրել է անվճար», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև հավելյալ գումարների ծախսման հարցին և կառավարության առաջ դրա առումով երկու խնդիր դրել: «Նախ՝ մենք պետք է այս տարվա ընթացքում կարողանանք նախանշված ծրագրերն իրականացնել և դրանք իրականացնելիս երկու չափանիշ պետք է ունենանք: Առաջինը՝ պետք է իրականացվեն այն տնտեսական ծրագրերը, որոնք խթանելու են տնտեսական զարգացումը և որոշակի մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենալու մեր ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա: Նաև շատ կարևոր է, որ այդ ծախսերն իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքները տեսանելի և զգալի լինեն հնարավորինս մեծ թվով մարզերում, տարածքներում և հնարավորինս մեծ է թվով մարդկանց կողմից: Մենք այս տարի նախատեսում ենք սուբվենցիոն ծրագրերով 10 միլիարդ դրամ հատկացնել»,- ընդգծել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարն այդ առումով կարևոր է համարել  նաև գյուղական ճանապարհների սալարկման հնարավորությունը և դիմելով, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանին, նշել է. «Իհարկե, դեռ պետք է փորձագիտական մակարդակում գնահատվի, թե ինչքանով կարող է դա երկար ու արդյունավետ ծառայել, ծախսը արդյունավետ համարվել: Պարոն Ավինյան, եթե մենք այս տարի ճանապարհների, սուբվենցիաների և հավելյալ միջոցների բաշխման մասով կարողանանք անել այն, ինչ նախանշել ենք, այս տարի ունենալու ենք շատ լավ տնտեսական ցուցանիշներ: Սրանում ես հիմա արդեն 100 տոկոսով համոզված եմ: Հետևաբար, մեր խնդիրն է այս երեք ուղղություններով ակտիվ, ինտենսիվ աշխատել, որպեսզի տնտեսական հեղափոխության արդյունքները կոնկրետ թվային ցուցանիշներով երևան»:

 

Կառավարությունը նախատեսում է վերականգնել «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանները

 

ՀՀ Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող Դ. Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը կհատկացվի 9 մլն 144  հազար դրամ: Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներին» արձանը (1978 թ., ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ), և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանը, որոնք տեղադրված ենք եղել Երևան-Սևան միջպետական ճանապարհին, բնակլիմայական պայմանների և հատկապես մշակութային վանդալիզմի արդյունքում խիստ վնասվել են: Տարիների ընթացքում արձանների արտաքին տեսքն ամբողջությամբ խաթարվել է, մետաղական հատվածները թալանվել են. վերջնական կորստից փրկելու համար երկու արձաններն էլ տեղափոխվել են հատուկ պահպանության տարածք:

 

Կառավարության ղեկավարը կարևորել է հանրապետությունում արձանների, հուշարձանների վերականգնումը. «Ես շատ կարևոր և սկզբունքային եմ համարում այս արձանների, հուշարձանների վերականգնումը: Ընդհանրապես, կարծում եմ, որ ՀՀ-ում  պետք է լինեն և պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը Հայաստանի Հանրապետությունում: Ես, օրինակ, ամեն անգամ երբ անցնում եմ այդ ճանապարհը և Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է: Մենք պետք է  այն անպայման վերականգնենք»:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այն տարածքներում ոստիկանական պահակետ ունենալու հարցի կարևորությունը: «Այս նախագծերի շրջանակներում մենք անպայման պետք է նախագծենք, որ այդտեղ պետք է ոստիկանական պահակետ լինի, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ այդ արձանը, եթե չեմ սխալվում, մի անգամ այս ընթացքում վերականգնվել է, և շատ արագ թալանվել է բոլորիս աչքի առաջ: Նախագծերի մեջ անպայման պետք է հաշվի առնել ոստիկանական պահակետի տեղադրումը տարածքում: Կարծում եմ, որ նաև կոնկերտ «Ճանապարհաշինարարներ» արձանն այն ստեղծագործություններից է, որը շատ մեծ զբոսաշրջային հետարքրություն է ներկայացնում: Եվ, իսկապես, ՀՀ-ում եղած ստեղծարար կյանքի կարևորագույն սինվոլներից մեկն է, և պետք է այս աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և որակով»,-նշել է գործադիրի ղեկավարը:

 

Վարչապետն անդրադարձել է նաև  Երևանում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին և նշել, որ ինքը համապատասխան մարմինների ուշադրությունն է հրավիրել արձանի կից սյուների վրայի սալիկների խնդրին՝ ընդգծելով, որ դրանք պետք է կարգի բերվեն։ Նա նաև հանձնարարել է Մյասնիկյանի արձանի մոտից հանել հնացած, տգեղ ժապավենները  և արձանից պոկվող քարերի հարցն արագ լուծել։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև  նորաբաց այգում արձաններից մեկի կոտրման մասին և   հետաքրքրվել, թե ինչու այդ արձանը ջարդողը դեռ հայտնաբերված չէ։  Փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրել է, որ   տեսախցիկների նկարահանումների արդյունքում այդ անձը պարզված է, սակայն այս երկու օրվա ընթացքում նրան դեռևս  չեն հայտնաբերել։ Վարչապետը հանձնարարել է արագ հայտնաբերել այդ անձին: 

 

Երևանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիր՝ ՏՏ ոլորտի 2600 աշխատատեղի համար

 

Պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ նախատեսվում է Երևանի Ծիծեռնակաբերդի 33 հասցեի և դրան հարակից հողամասերում կառուցել Building Owners and Managers Association` BOMA (Շինության սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիա) ստանդարտի A-class շենք և ենթակառուցվածք: Գործադիրը հավանություն է տվել  Արմեն Տեր-Տաճատյանի ներկայացրած ներդրումային ծրագրին և համաձայնություն է տրվել հողամասը վերջինիս ուղղակի վաճառքով օտարելուն: Ներդրումային ծրագրով նախատեսվում է առնվազն 130 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին շինարարության թույլտվության տրամադրման պահից 48-54 ամսվա ընթացքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիր՝  ՏՏ ոլորտի 2600 աշխատատեղի համար: Ծրագրի իրականացման նախապատրաստական փուլում ստեղծվելու է 20  աշխատատեղ, շինարարության իրականացման փուլում՝ 400 աշխատատեղ, իսկ գործարկումից հետո՝ 300 աշխատատեղ:

 

Գործադիրը բավարարել «Ավալանժ» ՍՊՒ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և  նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:  Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ)։ Նախատեսվում է իրականացնել 1,760,000,000 ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայում առկա է 21 աշխատատեղմ կստեղծվի  ևս 60 նոր աշխատատեղ՝ 120,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 780 մլն ՀՀ դրամ, որից 155 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 625 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,220,510,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 61,025,500 ՀՀ դրամ:

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Գրանտ» ՍՊԸ-ին տրվել է ներդրումային ծրագրի շրջանակում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է մեծացնել արտադրական կարողությունները և վերազինել արդեն իսկ գործող ավտոմեքենայի՝ բնական գազի CNG-1 տիպի բարձր ճնշման բալոնների և տարողությունների արտադրությունը։ «Գրանտ» ՍՊԸ-ն նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 26,7 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 190 նոր աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 

Գործադիրը բավարարել է նաև ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը: 2016 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում ընդլայնել AISI 304 տեսակի չժանգոտվող մետաղից հակավանդալային ապրանքների արտադրությունը՝ կատարելով ընդհանուր շուրջ 14,7 մլրդ դրամի չափով ներդրում, որից ցանկով ներկրվող հումքի, նյութերի և ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 14,5 մլրդ դրամ: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով:

 

Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով «Յունիվերսալ քլոզրա» ՍՊԸ-ին տրվել է մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել հումքի լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար:

 

Մինչև հանգստի ակտիվ շրջանը կվերանորոգվի Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը

 

Գործադիրն ընդունել է «Գնման ընթացակարգ կազմակերպելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհի առանձին հատվածներում ասֆալտբետոնե ծածկը մաշվել է, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր և անհրաժեշտություն է առաջացել տվյալ ճանապարհահատվածը շուտափույթ նորոգելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարևոր նշանակություն և  Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարևոր գոտի տանող երթուղի և գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են և տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հինարավորինս սեղմ ժամկետում: Ըստ այդմ՝ նորոգման աշխատանքները նախատեսվում է  իրականացնել  «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ մեկ անձից  գնման ձևով:

 

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով որպես կատարող` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հատկացվել է 237 մլն դրամ, իսկ ՀՀ կառավարությանը` 8,4 մլն դրամ: Ներկայումս, հաշվի առնելով, որ 5 օբյեկտների գծով ևս առկա են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, անհրաժեշտություն է առաջացել կրկին կատարել վերաբաշխում ԲՍԿ-ների մասով`  3,95 մլրդ դրամի չափով: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 31.58 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը, առաջարկվում է շինարարական և տեխնիկական հսկողության աշխատանքների համար որպես մրցույթի ձև սահմանել  հրատապ բաց մրցույթ:

  

Օրենսդրական նախաձեռնություններ

 

Հավանություն է տրվել  «Սնանկության մասին» և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնակության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ: Օրինագծերով, մասնավորապես, նախատեսվել են սնանկության դատարանին սնանկության գործերի ենթակայությունը սահմանող դրույթներ, սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակներում, սահմանազատվել և հստակեցվել են կամավոր և հարկադիր սնանկության վարույթների հարուցման ընթացակարգերը, սահմանվել է սնանկության վարույթի ընթացքում առանձին ակտի ձևով կայացվող որոշումների` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին դրույթ, սնանկության դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և սնանկության կառավարիչների միջև փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով իրականացնելու կարգ սահմանելու հնարավորությունը: Հստակեցվել են սնանկության վարույթի ընթացքում որոշումների կայացման և բողաքարկման կարգը և ժամկետները, հանվել է սնանկության կառավարչի թեկնածություն առաջարկելիս դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջը, կարգավորվել են սնանկության վարույթի կարճման կամ դիմումի մերժման դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցերը և այլն:

 

Գործադիրը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է ՀՀ-ի, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղային կառավարման խնդիրների լուծման ընթացքում կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը հնարավորություն կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունումն առավել արդյունավետ կարող է լինել՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ապահովելով ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն: Կնիքի պահանջի վերացման նպատակն է առանց կադաստր այցելելու առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր (վկայական, տեղեկանք և այլն), որի արդյունքում կկրճատվի և կդյուրացվի ավարտական փաստաթուղթ ստանալու քայլերը, ինչպես նաև կկրճատվի ժամանակը, էլ ավելի կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Ներկայացվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անվան համապատասխանեցում ներդրվող համակարգի բովանդակությանը: Օրինագծերով  առաջարկվում է նաև հանել իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված վճարը, ինչպես նաև տրվում են մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ առաջացնող հարցերի լուծումներ:

 

 Հավանության է արժանացել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակը  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեությանն առընչվող իրավական կարգավորումների համապատասխանեցումն է:  Օրինագծով առաջարկվում է համապատասխանեցնել իրավական կարգավորումները՝ ապահովելով  քաղաքացիական ծառայողների պաշտոնավարման շարունակականությունը,  վերջիններիս վերանշանակումները և/կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցումը՝ միաժամանակ ապահովելով սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության անխափան և բնականոն գործունեությունը:

 

Գործադիրը հավանություն է տվել  «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի օտարերկրացի դատապարտյալների և կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը: Ըստ այդմ՝ կբարձրացվի օտարերկրացի դատապարտյալների և կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը:

 

            Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել, մասնավորապես, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,   «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

 

Մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին  հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

 

Միջազգային համագործակցություն

 

Հավանություն է տրվել «Մեդիացիայի արդյունք հանդիսացող՝ վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրմանը: Հիմնավորման համաձայն՝ կոնվենցիան կոչված է համալրելու միջազգային միջնորդության հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական դաշտը և խթանելու միջազգային տնտեսական հարաբերությունների ներդաշնակ զարգացումը: Այն կիրառելի է հաշտեցման այն համաձայնագրերի նկատմամբ, որոնք հանդիսանում են միջնորդության արդյունք, կնքվում են կողմերի միջև գրավոր ձևով, նպատակ ունենալով կարգավորելու առևտրային վեճը, և կնքելու պահին հանդես են գալիս որպես միջազգային: Կոնվենցիայի իմաստով «միջնորդությունը» գործընթաց է, անկախ անվանումից և իրականացման հիմքերից, որի միջոցով կողմերը ձգտում են հասնել իրենց միջև ծագած վեճի բարեկամական լուծմանը երրորդ անձի կամ անձանց աջակցությամբ, որոնք չունեն վեճի լուծումը վիճող կողմերին պարտադրելու իրավասություն: Կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ հաշտեցման համաձայնագիրը կատարում է իր ընթացակարգային կանոններին համապատասխան և այն պայմաններով, որոնք ամրագրված են կոնվենցիայում:

 

Գործադիրը հավանություն է տվել «Թանգարանային գործի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նախագծի հիմնական նպատակը ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում թանգարանացուցահանդեսային փոխանակումը զարգացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։ 

 

Հավանության են  արժանացել նաև, մասնավորապես,  «2009 թ. նոյեմբերի 20-ի՝ ԱՊՀ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թ. հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին», «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի մասնակից պետությունների միջև տեղաշարժվող ապրանքների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կարգի մասին 1999 թ. հոկտեմբերի 8-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունների նախագծերի ստորագրման առաջարկությունները:

 

Այլ որոշումներ

 

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրելու» մասին որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նվիրաբերել Արմավիր համայնքին՝  բնակարաններ վերակառուցելու և սեփականության իրավունքով Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող թվով 26 ընտանիքներին հատկացնելու համար։ Հիմնավորման համաձայն, մասնավորապես, համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող թվով 26 ընտանիքներն ունեն բնակարանային խնդիրներ՝ մասնավորապես Սիլիկյան փողոցի թիվ  9 շենքը այրվել է և թվով 10 ընտանիքներ մնացել են անօթևան, իսկ Սիլիկյան փողոցի թիվ  1 շենքի վնասվածությունը դասվում է 3-4 աստիճանի և թվով 16 ընտանիքների նույնպես անհրաժեշտ է ապահովել բնակարաններով։

 

Ուսանողական սպորտի զարգացման, ֆիզիկական հնարավորությունների գնահատման, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի դաստիարակմանն ուղղված միջոցառումների  իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի «ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ին՝  հուլիսի 3-14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ ամառային ունիվերսիադային մասնակցելու համար:  ՀՀ ուսանողական պատվիրակությունը կարող է մասնակցություն ունենալ ձյուդո, լող, աթլետիկա, հրաձգություն, սուսերամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, սպորտային մարմնամարզություն և թենիս մարզաձևերում: Համաշխարհային ունիվերսիադաները հանդիսանում են տարվա ամենակարևոր մարզական միջոցառումը, որին մասնակցություն են ունենում շուրջ 180 երկրների ավելի քան 15000 պատվիրակներ իրենց մեծությամբ զիջելով միայն օլիմպիական խաղերին:

 

Վարչապետը  ողջունել է ուսանողական մարզական լիգայի ստեղծման գաղափարը. «Այստեղ նույնիսկ կարևորն արդյունքներն ու ցուցանիշները չեն, այլ ընդհանրապես կարծում եմ՝ դա երևույթ է, որը շատ կարևոր նշանակություն ունի մթնոլորտի առումով, ուսանողական հանրության միջավայրում միասնության և ամբողջության զգացում սերմանելու և լավ մթնոլորտ ունենալու առումով: Իսկ մեր ուսանողներին ունիվերսիադայում, իհարկե, մաղթում ենք հաջողություններ»:

 

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

 

Ամփոփելով այսօրվա նիստի աշխատանքները՝ Նիկոլ Փաշինյանն այն դրական է գնահատել. «Իհարկե, կառավարության մեր բոլոր նիստերի օրակարգերում կան այսպիսի հարցեր, բայց նաև հենց սա նկատի ունեի, երբ ասում էի, որ մենք պետք է առաջնահերթություն տանք կառավարության այն որոշումներին, որոնք մարդկանց կյանքում, իրականության մեջ, երկրում հաստատված մթնոլորտում շատ կոնկրետ բան են փոխում: Այսօրվա նիստի առանձնահատկությունն այնպիսին էր, որ, ըստ էության, բոլոր որոշումները հենց դրան էին ուղղված»:

 

 Կառավարության ղեկավարը ՀՀ-ում գործունեություն ծավալող գործարարներին ևս մեկ անգամ հորդորել և կոչ է արել՝ տնտեսական զարգացման  իրավիճակի այս դրական տեմպը պահել: «Եվ կառավարությունն իր գործունեությամբ ամեն ինչ կանի և անում է: Վստահ եմ, որ մենք միասին իսկապես շատ լուրջ տնտեսական հաջողությունների ենք հասնելու և կարողանալու ենք լուծել այն խնդիրները, որոնք դրված են  մեր առաջ: Դրա համար պետք է, որ մենք շարունակենք նույն ոգով, նույն տրամաբանությամբ աշխատել և շարունակել բարեփոխումները Հայաստանի հանրային պետական կյանքի և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ