Հասարակական

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ. նրանք փակել են Բաղրամյան պողոտան

2 րոպեի ընթերցում

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ. նրանք փակել են Բաղրամյան պողոտան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի մոտ բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։ Ցուցարարները պահանջում են հանդիպում օրենսդիր մարմնի ղեկավարի հետ: Նրանք փակել են Բաղրամյան պողոտան:

Օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը: Աշխատկիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակիների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում:

«Մարդիկ կարող են հեռախոսով էլ խաղալ, այսինքն, դա պատճառաբանություն չի: Գրասենյակները փակելով աշխատատեղերի թիվն է կրճատվում: Մի հատ նայեք, թե որքան հարկ է վճարվում մեր ընկերությունների կողմից»,-նշեցին աշխատակիցները:

Ոստիկանները ցուցարարներին հայտնեցին, որ Ազգային ժողովում պատրաստ են նրանց հետ հանդիպել, առաջարկել են 5 հոգանոց աշխատանքային խումբ ձևավորել և մտնել խորհրդարան՝ խնդիրը քննարկելու համար: Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները կազմեցին աշխատանքային խումբ և մտան Ազգային ժողովի շենք:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով առաջարկում է խաղադրույքներ ընդունելու կետերը` բեթշոփերը արգելել, թողնել մի քանի վայրերում: Սկզբում առաջարկվել է, որ յուրաքանչյուր մարզկենտրոնում յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն ունենա մեկական կետ, Երևանի ամեն վարչական շրջանում ևս մեկական կետ, հետո քննարկվել է ամեն ընտրատարածքում մեկական կետ ունենալու տարբերակը: Մեկ տարուց հետո աստիճանաբար այդ կետերը պետք է փակվեն, սկզբում դուրս կգան մարզերինը, հետո Երևանում եղածները և երկու տարում ամբողջությամբ կփակվեն բեթշոփերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում