Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Հանրային խորհուրդը հյուրընկալել է ՀՀ առողջապահության նախարարին


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհուրդը մայիսի 15-ին հյուրընկալել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտի գրեթե բոլոր կարևոր խնդիրներին ու ծրագրերին։

Անդրադառնալով նախարարության գործունեության հիմնական ուղղություններին` Արսեն Թորոսյանը նշել է, որ առաջնահերթությունները խարսխված են 3 հիմնական ուղղությունների վրա՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, ուռուցքաբանություն, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում։

Նախարարը պարզաբանել է Հանրային խորհրդի կողմից ներկայացված հարցերը, որոնք քննարկվել են հանձնսժողովում՝ բուժծառայությունների որակի վերահսկման նպատակով միասնական բուժօգնության համակարգի ներդրում, ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրում, հակածխախոտային կտրուկ միջոցների հնարավոր բացասական ազդեցություն բիզնեսի և տնտեսության վրա, մարզերի բուժհիմնարկներին անհրաժեշտ կադրերով ու տեխնիկայով ապահովում և այլն։

Համընդհանուր ապահովագրության անցնելու ծրագրի առնչությամբ Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ այն իրականություն կդառնա 2021 թվականից։

Բուռն քննարկում է ծավալվել հատկապես հակածխախոտային քաղաքականության և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների շուրջ։ Ոլորտի պատասխանատուն հայտնել է, որ միջոցառումները հիմնված են կոնկրետ փաստերի և ցուցանիշների վրա` ընդգծելով, որ դրանք ոչ միայն առողջապահական առումով են դրական մեծ ազդեցություն թողնելու, այլև տնտեսական։

«Մենք այսօր անում ենք քայլեր, որոնց արդյունքները շատ դեպքերում տեսանելի են լինելու 10-15 տարի անց, բայց այդ քայլերը պետք է արվեն այսօր»,-շեշտել է նախարարը՝ հավելելով, որ ամենակարևոր խնդիրներից մեկը հասարակության շրջանում առողջ ապրելակերպի մշակույթ ձևավորելն է։

Անդրադառնալով պատվաստումներին՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ իմունիզացիան կոլեկտիվ պաշտպանություն է, և Հայաստանի փորձն այս առումով հաջողված է։

«Մենք լուրջ ծածկույթ ունենք, և ես չեմ ուզում, որ մեր հաջողված ծրագիրը դրվի վտանգի տակ։ Պետք է միջոցներ կիրառել հակապատվաստումային քարոզչության դեմ»,-ասել է նա՝ իբրև օրինակ բերելով հարևան Վրաստանում բռնկված կարմրուկի համաճարակը, որը ազդեցություն չի թողել Հայաստանի վրա հենց պատվաստումների շնորհիվ, իսկ վրացի գործընկերներին իրենք են օգնության հասել։

Նախարարը կարևորել է խորհրդի բարձրացրած հարցերը՝ կապված շրջակա միջավայրի աղտոտվածության հետ (ծանր մետաղներ, թունավոր արտանետումներ, աղմուկ և այլն)։

Հարցին, թե արդյո՞ք նախարարության ռազմավարություններն ու քաղաքականությունը համապատասխանեցված է «Կայուն զարգացման 2030 օրակարգին», նախարարը դրական է արձագանքել՝ նշելով, որ այս պահին միջազգային կառույցների հետ աշխատանքներ են տարվում հստակեցնելու մեթոդաբանությունը, որով ուսումնասիրություններ կկատարվեն Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ այսօր արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ աղտոտված օդի հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան ծխախոտի։

Հանրային խորհրդի անդամներն անդրադարձել են նաև առողջապահության համակարգի կադրային քաղաքականությանը, սննդի և դեղերի վերահսկողությանը, պետպատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայություններին, բժիշկների լիցենզավորման, առողջապահական ծրագրերի իրազեկման խնդիրներին և այլն։

Հանրային խորհրդի որոշ անդամներ նաև ներկայացրել են կոնկրետ առաջարկներ, որոնք վերաբերում են ոլորտի կարճաժամկետ ռիսկերի գնահատման և կառավարման կենտրոնի հիմնադրմանը, հեռախորհրդատվական բժշկական ծառայության ստեղծմանը, Սումգայիթյան ջարդերից տուժածներին պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների տրամադրմանը և այլն։

Նախարարն բարձր է գնահատել հանդիպումը՝ ընդգծելով, որ բարձրացրած հարցերի առումով այն պրոֆեսիոնալ էր ու կառուցողական, և պատրաստակամություն հայտնել առաջարկներն առանձին քննարկելու։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ