Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը բավական լուրջ և հարուստ է. նախարար Մնացականյանն ամփոփում է այցը Բրյուսել

Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը բավական լուրջ և հարուստ է. նախարար 
Մնացականյանն ամփոփում է այցը Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, Եվրամիության հետ աշխատելով երկկողմ մակարդակով, ունի բավական լուրջ, հարուստ օրակարգ: Արևելյան գործընկերությունը եղել և մնում է շատ կարևոր հարթակ, որտեղ Հայաստանը համալրում է այն, ինչ արվում է երկկողմ մակարդակով: Նման գնահատական է տվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակով հանդիպման ավարտին ամփոփելով արդյունքները: «Եվ այդ առումով մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից: Հավաքվել էինք, որպեսզի նշեինք Արևելյան գործընկերության տասնամյակը, և իրականում ինձ թվում է, որ ստացվեց բավական հաջող միջոցառում, այս տասը տարվա գործողությունների, ինչպես նաև համագործակցության բավական հաջող ամփոփում. հնարավորություն եղավ ուրվագծել այն, ինչ կլինի հաջորդ փուլի համար: Այստեղ տեղի ունեցան Արևելյան գործընկերության ամենաբարձր մակարդակով ներկայացված վեց գործընկերների պատվիրակությունների բավական հետաքրքիր և կարևոր քննարկումներ, քննարկվեցին, գնահատվեցին բոլոր մարտահրավերները, մոտեցումները: Այդ առումով ինձ թվում է, որ բավական հաջող գործընթաց էր, հաջող միջոցառում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է նախարարը:

 Նախարար Մնացականյանը կարևորել է դիվերսիֆիկացված համագործակցության մոտեցումը՝ միասնություն բազմազանության մեջ. Հայաստանը ևս իր քաղաքականությունը կառուցում է՝ իր շահերից ելնելով: «Թե այժմ ինչ գնահատականներ տանք հետագա փուլի համար, մենք առաջնորդվում ենք առաջին հերթին մեր շահերով: Մենք այժմ հնարավորություն ենք ստացել իրապես ունենալ մեկ կարևոր պայմանագիր ԵՄ հետ, որտեղ համագործակցությունը ընդլայնելու ծավալը բավական մեծ է: Հատկապես, պայմանագրում ունենալ ոլորտային այդ ամբողջ, հսկայական ծավալը և կառուցել աշխատանքները, որ հիմա տեղի են ունենում ճանապարհային քարտեզի վերջնականացման միջոցով՝ դրա մեջ ներգրավել ով ամբողջ մեր պետական համակարգը, քաղհասարակությանը, գործարար շրջանակներին: Այդ ամենը ծառայեցնում ենք մեր զարգացման օրակարգին, մեր կարողությունների ամրապնդմանը. այդ գործիքը մեր ձեռքերում է, և մենք մտադրված ենք լավագույնս դա օգտագործել: Մյուս կողմից մենք ունենք հնարավորություն այսօր աշխատել 200 միլիոնանոց շուկայում և նույնպես օգտվել վերջինիս ընձեռած առավելություններից։ Եթե մինչև հիմա դա հաջողվել է համադրել, ուրեմն պետք է փորձենք շարունակել»,-մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա լրագրողի խնդրանքով անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միայն պաշտոնական ընթրիքին մասնակցությանը. Նա ներկա չի եղել բարձր մակարդակի կոնֆերանսին։ 

«Գիտեք, որ վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր ղեկավարներ տարբեր մակարդակներով։ Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր։ Ի դեպ, նորից կրկնեմ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված: Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել  հյուրընկալող կողմի հետ։ Այս ամենը նորմալ է։ Այսինքն կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես»,-պարզաբանել է Մնացականյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am