Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

«Երևանյան բեսթսելեր». Մարկ Արենի «Քառյակը» առաջին հորիզոնականում է. Թարգմանական գրականություն.ապրիլ, 2019

«Երևանյան բեսթսելեր». Մարկ Արենի «Քառյակը» առաջին հորիզոնականում է. 
Թարգմանական գրականություն.ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մարտի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Մարկ Արենի «Քառյակը»: «Քառյակը» վեպի հերոսներ երևանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը և մոսկվացի Անդրեյը մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ պայմաններում, պայքարում ավազակախմբի դեմ Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում ՝ հանուն ադրբեջանցու երեխայի և իրենց ընկեր Անդրեյի փրկության: Այս գրքի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը երկրորդ հորիզոնականում է: Այն Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Երրորդ տեղում է բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Չորրորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Հինգերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքն ամերիկյան գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի:

Յոթերորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Ութերորդ տեղում է  Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը:  «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Ջորջ Օրուելի «1984» վեպը իններորդ հորիզոնականում է: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

Տասներորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Մարկ Արեն

«Քառյակը»  

Բուկինիստ 130
2 0

Ուիլյամ Սարոյան

«Հայրիկ, դու խենթ ես»

Անտարես 46
3 +2

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 42
4 0

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 32
5 +3

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Դար 31
6 -3

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 30
7 +2

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 28
8 -2

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 25
9 -2

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 22
10 -9

Ուիլյամ Սարոյան

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Անտարես 17



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ