Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». «Կախվածությունն» առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. ապրիլ, 2019


ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: Այն պատմվածքների ժողովածու է, որը, հեղինակի բնորոշմամբ, «չի պարունակում հոգեմետ տարրեր, հեղինակը ջահել է, թեմաները բռնացրել է տարիքի հետ: Կազմը կոշտ է, բայց ոչ կոպիտ։ Սիրալիր է, մարդամոտ ու չի կծում»:

Երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» վեպը երրորդ հորիզոնականում է: Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը գրողն է, ով անընդհատ հանդիպում է հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ և կենդանի ու առողջ երկխոսությունների մեջ մտնում նրանց հետ։ Այս գրքում հեղինակը հատկապես երիտասարդներին փորձում է ասել, որ պետք չէ հավատալ որևէ մեկին, պետք չէ տպավորվել, որովհետև այս կյանքում բոլորն ունեն շահեր և նպատակներ։ Պետք է մոռանալ կարծրատիպերը։

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում  Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Արմենուհի Սիսյանի «Դարձ դեպի երկինք» արձակ ստեղծագործությունների ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է: Գրքում ընդգրկված գործերը` «Դարձ դեպի երկինք» և «Սպանել և մոռանալ», անկախ իրենց ժանրային խաղացկունությունից, կյանքը բոլոր առումներով վերևից դիտելու փիլիսոփայությամբ խորհրդածություն- նոթագրություններ են, որոնց ելակետը աշխարհը մաքուր և ամբողջական պահող հասկացություններն են` խիղճ, բարություն, ազնվություն, նվիրվածություն… Իսկ կանացի էության տարաբնույթ պոռթկումները, որոնք պարբերաբար իբրև զգացողություններ դրսևորվում են գրքում, լրացուցիչ հմայք են հաղորդում այդ նոթագրումներին:

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» տասնյակի ութերորդ հորիզոնականում է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով... Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...

Տասներորդ հորիզոնականում է Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 111
2 +1

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 66
3 +5

Վահրամ Սահակյան

«Ատյան ողբերգության»

Արմավ 58
4 -2

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 48
5 +1

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 43
6 -5

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

հեղ.հրատ 31
7 նոր

Արմենուհի Սիսյան

«Դարձ դեպի երկինք»

Անտարես 27
8 -3

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Էդիթ Պրինտ 20
9 *

Դավիթ Սամվելյան

«Արտագաղթած կարոտ»

Էդիթ Պրինտ 18
10 -6

Պարույր Սևակ

«Ընտիր էջեր»

Արեգ 18

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ