Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում փնտրում է փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակության այցը Հարավային Կովկաս: Դատելով այցի ժամանակ տեղի ունեցած հանդիպումներից և հայտարարություններից՝ կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ն շարունակում է տարածաշրջանում փնտրել համագործակցության նոր հնարավորություններ՝ շեշտը դնելով ոլորտային փոխշահավետ երկկողմ համագործակցության վրա:

Ադրբեջան

Ադրբեջանի պարագայում օրակարգային հարցերը գրեթե չէին տարբերվում նախորդ այցի ժամանակ (2018թ. հոկտեմբեր)  ԱՄՆ պաշտոնյայի կողմից բարձրաձայնված թեմաներից: Ինչպես և սպասվում էր, օրակարգում առաջնային թեմաներից էր էներգետիկ համագործակցությունը, որտեղ ԱՄՆ պաշտոնյան կարևորեց Հարավային գազային միջանցքի շրջանակներում Ադրբեջանի դերակատարումը: ԱՄՆ պաշտոնյան բարձրաձայնեց նաև Ադրբեջանում մեդիա ազատության, ինչպես նաև քաղբանտարկյալների խնդիրները՝ հույս հայտնելով, որ նրանք շուտով ազատ կարձակվեն: Այս համատեքստում հետաքրքրական էր ամերիկյան պաշտոնյայի շեշտադրումն առ այն, որ նախևառաջ Ադրբեջանի հասարակությունն է պատասխանատու իրենց քաղհասարակության ոլորտում առկա խնդիրների համար: Առաջին հայացքից, այս ոչ էական շեշտադրումն, իրականում, արտահայտում է ԱՄՆ ներկայիս վարչակազմի սկզբունքային մոտեցումն առ այն, որ այլ երկրների հետ երկկողմ համագործակցության համատեքստում անհրաժեշտ է կատարել գերակայությունների որոշակի վերադասավորումներ: ԱՄՆ վարչակազմն այս փուլում փոխշահավետ ոլորտներում համագործակցությունն ավելի առաջնային է դիտարկում, քան արժեքային ոլորտում (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն) համագործակցությունը: Թերևս պատահական չէր, որ ԱՄՆ պաշտոնյան երկու օր անցկացրեց Կասպից ծովին հարակից Խաչմազ շրջանում՝ կենտրոնանալով գյուղատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների վրա:

Վրաստան

Վրաստանի պարագայում ևս ընդգծվեցին հատկապես տնտեսական փոխշահավետ համագործակցության ոլորտները: Կարևորվեց Անակլիա նավահանգստի ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրերում ԱՄՆ ընկերությունների ներգրավվածության փաստը: Նշենք, որ Վրաստանն այս նոր նավահանգստով ցանկանում է ակտիվացնել առևտրային հարաբերությունները հատկապես Կենտրոնական Ասիայի երկրների հետ` այն դարձնելով  «Նոր Մետաքսի ճանապարհ» ենթակառուցվածքային ծրագրի կարևոր մաս, որը կկապի Եվրոպան Ասիայի հետ: Հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս վարչակազմի ակտիվ գործողություններն Ասիայի հետ փոխշահավետ առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ՝ ԱՄՆ պաշտոնյայի նման շեշտադրումները պատահական չէին: Կարևորվեցին նաև ԱՄՆ-Վրաստան ազատ առևտրային պայմանագիր կնքելու ուղղությամբ տարվող բանակցությունները, որը նախատեսվում է կյանքի կոչել արդեն այս տարի:  Կանխատեսվում է, որ  այն կմեծացնի Վրաստանում ԱՄՆ ներդրումները 20-ից 30 տոկոսով:  Հետաքրքրական էին ԱՄՆ պաշտոնյայի շեշտադրումներն առ այն, որ Վրաստանը հանդիսանում է «անվտանգ» երկիր, երբ հատկապես դրանք համադրում ենք վրացական կողմից շարունակ բարձրաձայնվող արտաքին անվտանգային մարտահրավերների հետ, որոնցով Վրաստանը հիմնավորում է ՆԱՏՕ իր անդամակցության անհրաժեշտությունը:

Հայաստան

Հայաստանում տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստը՝ արձանագրելով երկխոսության նոր, ավելի բարձր մակարդակի մեկնարկը, որն ամրագրվեց ստորագրված պայմանագրով: Դեռևս Հայաստան իր նախորդ այցի ժամանակ Ջորջ Քենթը հայտարարել էր, որ Հայաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանն ու ԱՄՆ քննարկելու են հարաբերությունների խորացման հարցեր: Հայաստանում իշխանափոխությունից հետո  Ջորջ Քենթի արդեն երկրորդ այցը Հայաստան խոսում է երկկողմ հարաբերությունների խորացման հարցում ԱՄՆ վարած հետևողական քաղաքականության մասին: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնք նախատեսում են մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակների իրականացման համար: Բացի այդ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի շրջանակներում առաջին տարվա  համար նախատեսվում է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: 

ԱՄՆ կողմից ֆինանսական աջակցության մեծացման մասին նման լուրերն, իհարկե, դրական են, սակայն հարաբերությունների զարգացման այս փուլում, երբ ԱՄՆ պաշտոնյաները հատկապես ուշադրություն են դարձնում երկկողմ փոխշահավետ համագործակցության ոլորտներին, հարաբերությունները կարող են առավել առարկայական լինել, եթե դիտարկվեն համագործակցության խորացման հստակ ոլորտներ: Այս առումով հատկանշական է, որ ՀՀ վարչապետի և Ջ. Քենթի հանդիպման ընթացքում առանձնացվել են փոխգործակցության այնպիսի ոլորտեր, ինչպիսիք են ջրամբարաշինության, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցությունը:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ն շարունակում է հետևողական քաղաքականություն վարել տարածաշրջանում՝ փորձելով չսահմանափակվել ուղղակի օգնության վրա հիմնված համագործակցության ծրագրերով: Ուստի, հարաբերությունների զարգացման այս փուլում ցանկալի է, որ հայկական կողմը հանդես գա համատեղ տնտեսական նոր ծրագրերի առաջարկներով, որոնք գրավիչ կլինեն ամերիկյան կողմի համար՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը:  


Լիանա Հովհաննիսյան

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ