Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանն ու ԱՄԷ-ն լրատվական ոլորտում գործակցության ամուր հիմք են ստեղծում 

Հայաստանն ու ԱՄԷ-ն լրատվական ոլորտում գործակցության ամուր հիմք են ստեղծում 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները նոր որակ են հաղորդում գործակցությանը տեղեկատվության փոխանակման ոլորտում. հայկական պետական «Արմենպրես» լրատվական գործակալությունը և Էմիրաթական «WAM» լրատվական գործակալությունը մայիսի 3-ին համագործակցության հուշագիր են ստորագրել:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Փաստաթուղթն ստորագրվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի երկօրյա նիստի ավարտին: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը հայկական կողմից հուշագիրը ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ ՀՀ-ում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին:

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: 2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու որոշում ընդունեց: Հինգ լեզվով լուրեր թողարկող «Արմենպրես»-ն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում: «Արմենպրես»-ը երկկողմ պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:

Արաբական Միացյալ Էմիրությունները լրատվական գործակալություն հիմնադրելու որոշում է կայացրել 1976 թվականին. հաջորդ տարվա հունիսի 18-ից Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը սկսել է առաքելությունը` ԱՄԷ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացնելով աշխարհին: WAM-ը կայուն զարգացող լրատվական գործակալություններից է, որն այս տարիների ընթացքում զգալի հաջողություններ է գրանցել: Լրատվական գործակալությունը ներկայացնում է պետությանն առնչվող կարևոր նորությունները, լուսանկարներն ու տեսահոլովակները:

Վերջերս ԱՄԷ դեսպանն «Արմենպրես»-ի տնօրենին պարգևատրեց շնորհակալագրով. դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր այդ որոշումը համարեց գնահատանք պարոն Անանյանի ջանքերի համար, որոնք վերջին տարիներին ներդրվել են համագործակցության խորացման ուղղությամբ: ««Արմենպրես»-ն ամբողջ աշխարհում հայտնի գործակալություն է, և դուք ձեր գործակալության միջոցով սիրո և համերաշխության ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին: Նկատել եմ, որ աշխարհի տարբեր երկրների կարևոր իրադարձությունների լուսաբանումն եք տալիս, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում գործակալության աշխատակիցներին»,-ասել էր դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am