Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի Ուկրաինայի նորընտիր նախագահը

Ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի Ուկրաինայի նորընտիր նախագահը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկու հաղթանակը դարձավ երկրում նախագահական ընտրությունների պատմության մեջ գրանցված ամենաբարձր արդյունքը. թեկնածուն ստացավ ուկրաինացի ընտրողների ավելի քան 73%-ի վստահությունը։ Չնայած նման ցուցանիշն աննախադեպ էր՝ Զելենսկու հաղթանակն ընտրություններում, այն էլ՝ ձայների զգալի տարբերությամբ, բավական կանխատեսելի էր. նախընտրական շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները և վերջնական exit-poll-ը կանխորոշում էին երիտասարդ թեկնածուի ջախջախիչ հաղթանակը։

Ուկրաինայի գործող նախագահի և բավական փորձառու քաղաքական գործչի նկատմամբ երիտասարդ դերասանի նման հաղթանակի  պատճառները բազմաթիվ են և տարբեր՝ սկսած գործող իշխանությունների նկատմամբ հանրության շրջանում առկա դժգոհություններից մինչև Վլադիմիր Զելենսկու անձնական խարիզմա։ Քանի որ ընտրությունները բավական մրցակցային էին, իսկ նախընտրական շրջանում թեկնածուների միջև պայքարը՝ բավական բովանդակային, ուստի կարող ենք փաստել, որ Զելենսկու հաղթանակի հարցում զգալի դեր են ունեցել նաև թեկնածուի նախընտրական ծրագրի դրույթները։ Առանձնացնենք Ուկրաինայի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունների հետ կապված Վլադիմիր Զելենսկու տեսլականը՝ համեմատելով այն Պյոտր Պորոշենկոյի առաջարկած ծրագրի հետ։

Ուկրաինայի արտաքին քաղաքականության հիմնական հարցերում Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական ծրագրերում շոշափելի տարբերություններ չկային, սակայն եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերում առկա էին որոշակի շեշտադրումների տարբերություններ։ Մասնավորապես, Զելենսկին սկզբունքորեն դեմ չէ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն դրա համար անհրաժեշտ է համարում երկրում հանրաքվեի անցկացումը։ Ի տարբերություն Զելենսկու՝ Պորոշենկոն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում է երկրի առաջնային կարևորության հարցերից, քանի որ, ըստ նախագահի՝ «դա վերջնականապես և անդառնալիորեն կապահովի Ուկրաինայի պետական անկախությունը»։ Ի դեպ, Եվրոպայում ևս արդեն պատրաստակամություն են հայտնել աշխատել Զելենսկու հետ։ Եվրոպական Միության պաշտոնյաները նորընտիր նախագահին ուղղված իրենց շնորհավորանքներում խոստացել են, որ ԵՄ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ինքնիշխանությանը և ժողովրդավարական զարգացմանն ու բարեփոխումներին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին Ուկրաինան անվանել է  կարևոր գործընկեր և հույս հայտնել, որ սերտ համագործակցությունը նրանց միջև կշարունակվի։ Ուստի կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին եվրոատլանտյան կառույցների և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը կշարունակվի։

Զելենսկու պաշտոնավարման տարիներին, ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ չեն կրի նաև Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունները, միևնույն ժամանակ չեն լինի այնքան լարված, որքան այսօր են։ Թեև նախագահի երկու թեկնածուներն էլ խոստացել են «վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», այդ խնդրի իրականացման հետ կապված Զելենսկին և Պորոշենկոն տարբեր մոտեցումներ ունեն։ Եթե Պորոշենկոն դա առավելապես դիտարկում էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների գործադրման և այդ հարցում միջազգային հանրության աջակցությունը ստանալու, միևնույն ժամանակ բանակի մոդերնիզացիային (մասնավորապես՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանությանը) ավելի լուրջ ուշադրություն դարձնելու համատեքստում, ապա Զելենսկին խնդիրն առավելապես խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակիցն է։ Ուկրաինայի նորընտիր նախագահը կողմ է Դոնբասում կրակի դադարեցմանը, Ռուսաստանի հետ երկխոսությանը, սակայն խոստացել է չզիջել բանակցություններում, որոնք, ըստ Զելենսկու, պետք է շարունակվեն նորմանդական ձևաչափով։ Մասնավորապես, նա խոստացել է Ռուսաստանից հետ բերել ուկրաինացի «քաղբանտարկյալներին և ռազմագերիներին, այդ թվում՝ Սև ծովում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս սահմանապահների կողմից ձերբակալվածներին»։ Զելենսկու կողմից կարևոր է Ռուսաստանի «հասցրած վնասի դիմաց փոխհատուցման» պահանջի հետ կապված շեշտադրումը։

Ռուսաստանը չի շտապել շնորհավորել Զելենսկուն Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլի կողմից  Զելենսկուն շնորհավորելու համար անհրաժեշտ է ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը։ Նրա խոսքով՝ պաշտոնական Մոսկվան կցանկանար հստակ քայլեր տեսնել Զելենսկու գործունեության մեջ ՝ նախքան համատեղ աշխատանքի մասին խոսելը։ Նմանատիպ կարծիք է հայտնել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը թվիթերյան հրապարակման մեջ։ Ըստ էության, ռուս պաշտոնյաների խոսքում նկատվում է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի հարցերը Ուկրաինայի նորընտիր նախագահի պատասխանատվության դաշտ տեղափոխելու ակնարկ։ Այսինքն ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացումը, կարելի է ասել, ինչ-որ առումով պայմանավորված կլինի նաև Զելենսկու դիրքավորումից։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ուկրաինա հարաբերություններին, ապա դրանք հիմնված են ավանդական բարեկամության վրա։ Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունները նաև հաշվի առնելով այնտեղ հայկական մեծ համայնքի առկայությունը, ուստի անհրաժեշտ է շարունակել հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում։ Իսկ երկու երկրներում իշխանության փոփոխությունն, անշուշտ, կարող է նոր լիցք հաղորդել այդ հարաբերություններին։ Կարևոր է արձանագրել, որ Ուկրաինան ևս հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նոր իշխանությունների հետ համագործակցության հարցում։ Նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ նախընտրական շրջանում իր աջակցությունն էր հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին և խոստացել այցելել Հայաստան։

Ամփոփելով՝ կարող են նշել, որ չնայած արտաքին քաղաքականության հարցերում Վլադիմիր Զելենսկու առաջ քաշած որոշակի նոր շեշտադրումներին՝ ակնհայտ է, որ նորընտիր նախագահը առկա կարևորագույն խնդիրներին անդրադառնալիս չի հատի կարմիր գծերը։ Ուկրաինայում կշարունակեն առաջնային մնալ եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերը։ Ռուսաստանի հետ հարաբերություններում ևս էական փոփոխություններ պետք չէ ակնկալել։ Սակայն այս փուլում կարևոր է երկու երկրների հանրությունների միջև շփումների ակտիվացում կամ, օրինակ, տնտեսական համագործակցության խաթարված ձևաչափերի վերականգնում, որոնք պետք է միտված լինեն երկու երկրների միջև փոխվստահության վերականգմանը։

 

Վարդուհի Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]