Հասարակական

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

2 րոպեի ընթերցում

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, որպեսզի լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ գտնվում է պահպանության ռեժիմում, իսկ մենք փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել ընդունելու գործընթացը»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ հյուրանոցի պահպանության գործառույթները իրականացնում են ներկայիս սեփականատերերը, քանի որ դեռևս իրենց գույքն է:

Հարցին, թե որքա՞ն կպահանջվի պետությանը նվիրատվություն անելու համար, ՊԳԿ նախագահը չհստակեցրեց, նշեց, որ գուցե 1 ամիս կամ ավելին:

«Այդ ամենը կախված է Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների կարծիքներից: Կարծում եմ, որ ամենաքիչը մեկ ամիս կպահանջվի»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:

Անդրադառնալով շենքում գործող խաղատանը՝ ՊԳԿ նախագահը շեշտեց, որ նույն գործընթացն էլ իրականացվում է խաղատան վերաբերյալ:

Նրա խոսքով՝ պետությանը նվիրատվությունից հետո շինությունն, ամենայն հավանականությամբ, կրկին կգործի որպես հյուրանոց:

«Շենքը կառուցված և կահավորված է հյուրանոցային պայմաններով, և այլ տարբերակ ես դեռևս չեմ տեսնում: Լավագույն տարբերակ կլինի հավատարմագրային մրցույթի տանելը, որտեղ համապատասխան օպերատորները հանդես կգան համապատասխան առաջարկներով: Աճուրդի դնելու պարագայում էլ շինության գնորդը պետք է կառավարումն իրականացնի»,- շեշտեց Բաբայանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում