Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Հայաստանի կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոսի: Մենք կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով՝ նկատի ունեն ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: «Հույս ունենք, որ առաջիկայում Հայաստանում էականորեն կզարգանա բորսայական համակարգը: Մեր կառավարությունն այս ուղղությամբ նույնպես աշխատանք է  վարում, և մենք փորձում ենք Հայաստանում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաև փորձել որոշակի կարգավորումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Իհարկե, Հայաստանում բանկային համակարգը բավական կայացած է, նաև ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, որ բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ իրենք համաձայն են, որ  նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի Հայաստանի պոտենցիալ աշխատուժն ամբողջությամբ բերել նույն որակավորման: «Մենք հասկանում ենք, որ այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է, և այդ շերտավորման բերած խնդիրները սպասարկելու առումով է, որ մենք որպես առաջնահերթություն սահմանել ենք գյուղատնտեսության ոլորտը, որը, ըստ էության,  համարում ենք տեխնոլոգիաների հետ առնչվող, նաև զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման  որոշակի դինամիկա, ապահովել բարեկեցության որոշակի  մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ