Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը որոշում կայացրեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Գործն այլ կազմով արդեն փոխանցված է դատարան, և տվյալ պարագայում, եթե այլ որոշում կայացվեր, դատարանը դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից»,- ասաց Մկրտչյանը:
Փաստաբանը նաև անդրադարձավ նախկին պատգամավորի առողջական վիճակին և հայտնեց, որ նա շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը:
Մանվել Գրիգորյանի գործով բուն դատական նիստերը կմեկնարկեն առաջիկայում, նրա գործն արդեն իսկ մակագրվել է Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում