Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին 
հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 17-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարար Մնացականյանը նշեց, որ իր այցը լավ հնարավորություն է՝  անդրադառնալու հայ-ֆրանսիական հարաբերությունների լայն օրակարգին, երկու ժողովուրդների միջև առկա ավանդական սերտ բարեկամությանը, որի զգացողությունն ամենուր է:  

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ զրուցակիցները բարձր գնահատեցին խորհրդարանական դիվանագիտության դերը՝ վերահաստատելով այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը: Զոհրաբ Մնացականյանը Մարիել Դը Սարնեզին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմը ջանք չի խնայելու երկու երկրների բարեկամության և պատմական հարուստ ավանդույթների վրա հիմնված կապերի առավել սերտացման համար:

Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական բազմաոլորտ փոխգործակցության  շրջանակներում ձևավորված սերտ կապերը տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներն ունեն զարգացման և առավել խորացման մեծ ներուժ:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ինչպես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման, այնպես էլ՝ ԵՄ և Եվրամիության անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության խթանման առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am