Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Դատախազությունը Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ քրեական գործերը շարունակաբար կվերանայի


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը սկսել է 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի վերանայման գործընթաց, այն շարունակաբար կկատարեն, և ըստ անհրաժեշտության վարույթներ կիրականացվեն «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք արդեն ունենք քրեական գործեր, որոնց համար ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան՝ դրանց վերանայման նպատակով: Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով ես ինքս եմ բողոք բերել: Դրանով արդեն արդյունք ունենք: Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու որոշում է կայացրել: Եվս մեկ քրեական գործով մենք բողոք ենք բերել: Գործընթացը շարունակական է: Եվ ըստ գործի տվյալների վերլուծության և նախկինում կայացած դատական ակտերում առկա փաստական տվյալների համադրությամբ, կարծում եմ, որ դա ևս շարունակություն կունենա»,-ասաց Դավթյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյոք վերանայվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործը, որով նրան այդ ժամանակ 7 տարի ազատազրկման էին դատապարտել, դատախազն ասաց՝ հարցը նույն տիրույթում է: Նախկինում կայացած դատական ակտերում առկա փաստական տվյալները կհամադրվեն և երբ օրենքի տառին համապատասխան երևան եկած հանգամանքներով վարույթներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնեն, անկախ նրանից, թե ով է նա, կիրականացնեն:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ