Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Վալերիյ Օսիպյանն ամենաթանկ գնահատականը ոստիկանության հանդեպ հանրության հավատն ու վստահությունն է համարում


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գնդապետ Վալերիյ Օսիպյանն ամենաթանկ գնահատականը հանրության հավատն ու վստահությունն է համարում ոստիկանության հանդեպ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օսիպյանն ասաց ապրիլի 16-ին, Ոստիկանության 101-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում:

«Մեկ դարից ավելի Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանության առաջնագծում է, այլև գործով է հաստատագրել մեր պետության հիմնասյուներից մեկը լինելու իր առաքելությունը: 20-րդ դարի սկզբին` հայոց անկախ պետականության վերահաստատման առաջին իսկ օրից, ոստիկանությունը և ներքին անվտանգության երաշխավորն էր, և մասնակցում էր սահմանների պաշտպանությանը, և համակարգում հանրային մի շարք կարևոր ոլորտներ: Սա պայմանավորված էր պատմական առանձնահատկություններով, և այդ ահռելի պատասխանատվության առումով խորհրդանշական է, որ ներքին գործերի համակարգի ղեկավարումը ստանձնեց Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը:

Մեր գերխնդիրը հասարակության անվտանգության ապահովումն է ու մարդու իրավունքների պաշտպանությունը, իսկ ամենաթանկ գնահատականը հանրության հավատն ու վստահությունը ոստիկանության հանդեպ»,- ասաց Օսիպյանը:

ՀՀ ոստիկանության 101-ամյակի նվիրված տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ոստիկանության սպաներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ