Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են վիճակախաղերի ու շահումով խաղերի մասին օրենքներում փոփոխությունների օրինագծերը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են վիճակախաղերի ու 
շահումով խաղերի մասին օրենքներում փոփոխությունների օրինագծերը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 4-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում պատգամավորներ Ալեն Սիմոնյանի,  Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Քննարկմանը մասնակցել և օրենսդրական փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել վիճակախաղեր կազամակերպող ընկերությունների եւ ՏՄՊՊ հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Նախագծերով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում: Ներկայումս վիճակախաղեր կազմակերպվում են երկրի ողջ տարածքում:

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, նշել է, որ այն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև խաղամոլության դեմ պայքարին:

Նշվել է, որ նախագծերը նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը: Օրենսդրորեն սահմանվում է նաեւ այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու օրինական կարգով սահմանափակել մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունը:

«Գուդվին Բետ» ՍՊԸ, «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ, «Աջարաբեթ», «Դիջիգեյմ» ընկերությունների պատասխանատուները նշել են, որ խաղասրահների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ: Կհանգեցնի մոտ հազար աշխատատեղի կրճատման եւ շուրջ երեք հարյուր անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման:

Նրանք առաջարկել են թույլատրել  յուրաքանչյուր մարզում և Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկական  կետի գորուծունեություն ծավալել:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչ Արման Մանասերյանը տեղեկացրել է, որ վիճակախաղ կազմակերպող ընկերությունների համար պետական տուրքը կազմում է 500 մլն դրամ եւ, եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա պետական բյուջե մուտքերը կնվազեն»,- նշված է հաղորդագրությունում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկել  է մինչև հանձնաժողովում  օրինագծերի փաթեթի քննարկումը ներկայացնել առավել համապարփակ տեղեկատվություն ֆինանսական խնդիրների վերաբերյալ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am