Հասարակական

Ագրարային համալսարանի ռեկտորը միացել է զինհաշմանդամների աջակցության ծրագրին

2 րոպեի ընթերցում

Ագրարային համալսարանի ռեկտորը միացել է զինհաշմանդամների աջակցության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել են զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին այստեղ բուժում ստացող զինծառայողների հետ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները, նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն է հայտնել աշխատանքի ընդունել տղաներին:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի աշխատակազմը կներկայացնի աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և երիտասարդները, համապատասխան վերապատրաստումներից հետո, ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի:

Ռեկտոր Վարդան Ոռուտյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում սատարել հայրենիքի պաշտպաններին: Նա կարևորել է այն փաստը, որ ազգանվեր գաղափարների ու մտահղացումների կողքին կանգնում ու կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց, և այս կենտրոնի ստեղծումը դրա վառ ապացույցն է:

Հանդիպման ընթացքում երկու ռեկտորները քննարկել են միջբուհական համագործակցության հարցեր և արդյունքում որոշել են ձևավորել աշխատանքային քարտեզ՝ հետագա ծրագրերը քննարկելու և կյանքի կոչելու նպատակով: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել կենտրոնի բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կառուցվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում